Փաստարկներ, թե ինչու և ինչպես Հայաստանը պետք է բացառի անկլավների փոխանակումը

Կարեն Հարությունյան

Լուսանկարում Տիգրանաշենն է (Քյառքի)՝ Խորհրդային Ադրբեջանի երեք անկլավներից մեկը Հայաստանի տարածքում՝ Արարատի մարզում՝ Նախիջևանին կից։ Այստեղով է անցնում դեպի Սյունիք, Արցախ և Իրան Հայաստանի միջպետական ճանապարհը։ Խորհրդային Ադրբեջանի մյուս անկլավով՝ Ոսկեպարով, անցնում է դեպի Վրաստան մեր միջպետական գլխավոր ճանապարհը։

Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ դեմարկացիայի/դելիմիտացիայի արդյունքում ի վերջո տեղի ունենա անկլավների փոխանակում։

Տե՛ս՝

Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենը․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի համար իր տիրապետության տակ գտնվող ադրբեջանական նախկին երեք անկլավները շատ ավելի կարևոր են, քան Արծվաշենը։ Երևանը պետք է հստակ դիրքորոշում ձևակերպի, որ անկլավների փոխանակումը չի բխում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի հետագա խաղաղ գոյակցության տրամաբանությունից։ Բանակցություններում այդ դիրքորոշումը առաջ տանելու համար կան քաղաքական, պատմական և իրավական ամուր հիմքեր։

Անկլավները որպես այդպիսին առաջացել են մեկ պետության՝ Խորհրդային Միության վարչական սահմաններում՝ կենտրոնի որոշումներով։ Էթնիկ հայկական և էթնիկ ադրբեջանական բնակավայրերի կառավարումը և վարչական վերահսկողությունը, ճիշտ կամ սխալ, բխել է այդ ժամանակի իրողություններից։

Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից ու այս տարածքների էթնիկական կազմի փոփոխություններից հետո այդ տրամաբանությունն այլևս ժամանակավրեպ է, դրանց փոխանակումը երկու երկրների համար քաղաքական կամ տնտեսական բացատրություն չունի և ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան լուծելու։ Խնդիրները կարող են լինել բազմաթիվ՝ դեպի անկլավներ կապի ապահովում, նոր սահմանների անվտանգություն, այդ տարածքների և մետրոպոլիաների, ինչպես նաև հարակից բնակավայրերի միջև շփումների ու մատակարարումների բարդություն և այլն։

Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա անկլավների փոխանակում, շատ քիչ է հավանականությունը, որ այնտեղ բնակչություն կվերադառնա։ Դրանք ավելի շուտ վերածվելու են ռազմական կղզյակների և/կամ դառնալու են անվտանգային գլխացավանք երկու կողմի համար էլ։ Սա ևս կարևոր փաստարկ է Հայաստանի համար։

Խորհրդային Ադրբեջանի երեք նախկին անկլավները տարածքով գրեթե նույնքան են, որքան հայկական Արծվաշենի անկլավի տարածքը։ Հետևապես՝ զուտ տարածքային առումով կողմերը պետք է համաձայնեն և ամրագրեն առկա ստատուս քվոն։

Իրավական առումով, Ադրբեջանը իրեն հռչակել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ Ադրբեջանի առաջին Հանրապետության իրավահաջորդ, մինչդեռ անկլավները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հետագա փոփոխությունները եղել են խորհրդային ժամանակահատվածում։ Ընդ որում, ինչպես ցույց են տալիս խորհրդային վաղ շրջանի քարտեզները, Խորհրդային Հայաստանի տարածքը ավելի մեծ է եղել ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքից։

Տե՛ս՝ Ռուբէն Գալչեան․ Ամէն Ճիգ Օգտագործել 1922-23ի Խորհրդային Զինուորական Քարտէսները Ձեռք Բերելու Համար

Խորհրդային Հայաստանի քարտեզը 1926-ին։ Քարտեզում երևում է, որ ԼՂԻՄ-ը ներառել է նաև Շահումյանի հայաբնակ շրջանը և ցամաքային կապ է ունեցել Հայաստանի հետ։

Այո՛, Հայաստանը պարտվել է պատերազմում և թուլացել։ Սակայն դա է՛լ ավելի պետք է մղի ագրեսիվ դիվանագիտություն վարելու և հստակ ու միջազգային հանրության համար ընկալելի դիրքորոշումներ ձևակերպելու։ Չի կարելի տեղի տալ Ադրբեջանի ամեն մի պահանջի և քմահաճության։ Ի վերջո, սա այն հարցը չէ, որ կարող է հանգեցնել պատերազմի։

Հ․Գ․

Հայաստանի ու հայության համար ամենակարևոր խնդիրը մնում է հետգրությունում։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը որևէ կերպ չի կարող կապված լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդրի հետ, ինչին ամեն կերպ ձգտելու է Բաքուն։ Սահմանազատման որևէ համաձայնագիր ստորագրելով՝ Հայաստանը պետք է միմիայն ճանաչի իր փոխադարձ սահմանը Ադրբեջանի հետ։ Ղարաբաղի ինքնորոշումը և ԼՂԻՄ-ի սահմանների միջազգային լեգիտիմության հարցը պետք է դուրս լինի այդ համաձայնագրից։

Read the article in English.