Գրանցվել են ադրբեջանցիների և թուրքերի կողմից արցախցիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր․ Արցախի ԱԱԾ

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։

«Վերջին օրերին, Արցախի ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,- ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, Արցախի ԱԱԾ-ն արձագանքելով ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգերի մասին լուրերին, կոչ էր արել նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ծառայությանը։

«Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել էր ծառայությունը։