Արմավիրում ջրամատակարարումը վերականգնվել է, բայց ջրի հերթ է

Արմավիրի մարզում ջրամատակարարումը վերականգնվել է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տնօրենի տեղակալ Կարապետ Տեր-Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ ջուր ստանում են, ուղղակի հերթ է կուտակվել։

Հունիսի 26-ին Արմավիրի մարզի տասից ավելի համայնքի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։ Պատճառը ոռոգման ջրի խնդիրն էր, որի հետևանքով դաշտերը մի քանի օր չէին ջրվել, արդյունքում բերքը վնասվել է։ Ջրամատակարարման խնդրի պատճառը վթարն էր․ Մալաթիա համայնքում փլուզվել էր ստորին Հրազդանի գետի ջրանցքը։

Թեև «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը բողոքի ակցիաների ժամանակ ասել է, որ երեք օր է, ինչ ջուր չկա, բայց գյուղացիները պնդել են՝ ջուր չեն ստացել հունիսի 21-ից։ Սարգսյանը գյուղացիների հետ զրույցում պարզաբանել է, որ ջրանցների կեսից ավելին 50-60 տարվա վաղեմություն ունեն․ ամեն պահ կարող է վթար լինել։ Նույն օրը երեկոյան խոստացել է, որ ջրամատակարարումը կվերականգնվի։ Ինչ վերաբերում է վնասված բերքին, ապա, ինչպես Սարգսյանն է նշել, եթե ուսումնասիրությունից հետո պարզվի, որ այն վնասվել է չջրելու հետևանքով, կփորձեն լուծում գտնել։

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տնօրենի տեղակալ Կարապետ Տեր-Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նկատեց՝ «երբ մի քանի օր ջուր չի լինում, կառավարելը դժվար է»։

«Այդ պրոցեսի մեջ ենք։ Մարդիկ ջուր ստանում են, ուղղակի որ հերթը կուտակվել է, սա է պրոբլեմ։ Պրոցեսը երկար է, կկարգավորվի»,- ասաց Տեր-Խաչատրյանը։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել