Արցախում քննարկելու են գույքը հարկադիր կարգով վերցնելու հնարավորությունը

Արցախում քննարկելու են գույքը հարկադիր կարգով վերցնելու հնարավորությունը։ 

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 29-ին հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Քրեական օրենսգրքում» լրացումներն ու փոփոխությունները։

Ըստ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների՝ լիազոր մարմինը վճարի դիմաց կարող է ժամանակավոր օգտագործման վերցնել իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքը վերադարձնելու կամ դրա հնարավորության բացակայության դեպքում փոխհատուցման պահանջով: Կամավոր չհանձնելու դեպքում՝ գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու ու ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվություն է սահմանվում՝ ազատազրկման ու տուգանքի տեսքով:

Հունիսի 28-ին Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը և որին ներկա է եղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են վերոնշյալ օրինագծերը, որոնք ներկայացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: