ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ. Լիանա Մեհրաբյան

Գինու ինկուբացիոն նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  (PSD TVET) ծրագրերի միջև հաջողված համագործակցության արդյունք է: Ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ):

Նախագծի նպատակը Սիրիայից տեղահանված անձանց ու տեղացի կանանց համար ձեռնարկատիրական գործունեության նոր հնարավորությունների ստեղծումն է գինեգործության ոլորտում։ Նախագծի արդյունքում գինու շուկա են մուտք գործել սիրիահայ և տեղացի կին վեց սկսնակ գինեգործներ, որոնցից ստորև ներկայացվում է Լիանա Մեհրաբյանի պատմությունը:

«Գինեգործության հանդեպ սեր դեռ մանկուց եմ ունեցել։ Երբ փոքր էի, ապրում էինք սեփական տանը, և պապիկս տնական գինի էր պատրաստում։ Միշտ հետևում էի նրան և գինի ստեղծելու գործընթացը շատ հետաքրքիր էր ինձ համար»:

Լիանա Մեհրաբյանը մասնագիտությամբ գինեգործ է, 2013-ին ավարտել է Ագրարային համալսարանը։ Ավարտելուց հետո սկսել է աշխատել Արարատի մարզի կոնյակի գործարանում։ Մեկ տարի առաջ Լիանան, ինչպես ինքն է նշում, որոշել է «վերադառնալ արմատներին»՝ կրկին իրեն փորձելով գինեգործության մեջ։  

«Մայրիկս միշտ ասում էր, որ գինեգործությունը կնոջ համար չէ ու ավելի շատ տղամարդուն է սազական, սակայն ես որոշել եմ ապացուցել, որ կինը ևս կարող է հաջողակ գինեգործ լինել և ձեռքբերումներ ունենալ այս ոլորտում», – պատմում է Լիանան։

Ագրարային համալսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանալով գինեգործության արագացված դասընթացների մասին՝ Լիանան որոշել է դիմել։ Հայտը հաստատվել է, և նա դարձել է 22 մասնակիցներից մեկը։  

«Դասընթացներն ինձ համար ավելի շատ վերապատրաստման էին նման, քանի որ համալսարանում այս ոլորտի վերաբերյալ գիտելիքներ ստացել էի։ Սակայն ցանկություն ունեի նոր, ժամանակակից, ավելի կատարելագործված մեթոդներին ու միտումներին ծանոթանալ»,- նշում է Լիանան՝ հավելելով, որ դասընթացներն իսկապես շատ ուսուցանող, հագեցած, նորարար ու հետաքրքիր էին։   

Դասընթացների փուլը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո Լիանան առաջարկ է ստացել մասնակցելու Գինու ինկուբացիոն նախագծին։    

«Մեծ անակնկալ էր, երբ պարզվեց՝ երկրորդ փուլ կա, և մենք կարող ենք սկսել մեր բիզնեսը։ Երբևէ չէի մտածի, որ հնարավորություն կունենամ իմ սեփական գինին արտադրել, սեփական բիզնեսն ու բրենդն ունենալ, սա իսկապես ուրախալի անակնկալ էր մեզ համար»,- ժպտալով պատմում է Լիանան։  

Լիանան և մյուս մասնակիցներն ինկուբացիոն փուլում մի կողմից գործնականում կիրառում էին դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները՝ իրենց գինին արտադրելու համար, մյուս կողմից՝ նոր հմտություններ էին ստանում սեփական բիզնեսը զարգացնելու համար։ 

«Շատ էի ցանկանում, որ իմ գինին լինի խաղողի պատմական տեսակից։ Շատ  ուրախացա, երբ պարզվեց, որ գինին պետք է պատրաստենք պատմական Արենի տեսակից։ Վայոց ձորում մասնակցել ենք խաղողի բերքահավաքին, կատարել ենք ընտրովի բերքահավաք, այնուհետև վերամշակել ենք և ստացել վարդագույն անապակ գինի։ Չհնեցված, շատ թեթև, ամենօրյա ըմպելու գինի է»,- ոգևորված պատմում է Լիանան։  

Վարդագույն այս գինին հայկական շուկա կմտնի «Աուրա» ապրանքանիշի տակ։ Լիանան նշում է՝ անվան միտքը առաջացել է, երբ մտածել է գինու էներգետիկայի մասին։

«Անվանումը տվել եմ բառի բուն իմաստով («աուրա» նշանակում է մարդուն շրջապատող  էներգետիկ դաշտ)։ Իսկ վարդագույն գինին կարող է շատ դրական լիցքեր տալ։ Գինուն նաև վերագրում եմ կանացիություն և նրբություն, քանի որ Աուրան նաև կնոջ անուն է, որով բնութագրվում է վարդագույն գինին՝ տալով  կանացիություն և նրբագեղություն»,- նշում է երիտասարդ գինեգործը։  

Գինու պիտակը ևս նպաստում է տրամադրության բարձրացմանը։ Պիտակի վրա գերիշխում է վարդագույնը։ Պատկերված է խաղողի այգի և վարդագույն  մայրամուտ։

«Այգու երանգներից երևում է, որ աշուն է և բերքահավաքի ժամանակաշրջան։ Վարդագույն երկինքն ապահովում է խաղաղություն, բարձր տրամադրություն և  հուսադրում է, որ գալիք օրը պայծառ և բարի է լինելու»,- բացատրում է Լիանան։   

Լիանան որոշ ժամանակ զբաղվել է գինու վաճառքով։ Ասում է՝ գիտի, թե որ գինին երբ և ինչպես պետք է վաճառել։ Սակայն լավ է վաճառվում այն գինին, որն ունի պատմություն։ Եվ իր համար գինի արտադրելու, բիզնես սկսելու մարտահրավերը հենց այդտեղ էր տեսնում։ 

«Եթե գինին պատմություն չունի, անկախ նրանից՝ ինչքան ներդրում կանես այն արտադրելու համար, միևնույն է՝ չես կարող լավ վաճառք ունենալ։ Թվում էր, թե դժվար կլինի, բայց դա էլ հաղթահարում ենք, քանի որ այս ծրագրով ստեղծում ենք այդ պատմությունը»,- ասում է երիտասարդ գինեգործը։   

Լիանան որոշել է՝ պետք է զարգանա ու զարգացնի իր բիզնեսը։ Ամուսինն ու ամբողջ ընտանիքն իրեն աջակցում են այս որոշման մեջ, ինչն իր համար ամենակարևորն է։ Մոտ ապագայում նախատեսում են հողատարածք ձեռք բերել և սեփական խաղողի այգին հիմնել, որից էլ կստանան գինին։ 

«Աուրա»-ի առաջին խմբաքանակի վաճառքից ստացված հասույթը Լիանան մտադիր է ուղղել իր բիզնեսի զարգացմանը։ 

«Արդեն պատվիրել ենք նաև երկրորդ խմբաքանակը։ Արենի ենք գնել Վայոց ձորից և կարտադրենք նույն տեսակից։ Սակայն հույս ունեմ, որ շատ շուտով հնարավորություն կունենանք շատացնել քանակը, ընդլայնել տեսակները և արտադրել նաև այլ տեսակի խաղողներից գինի»,- նշում է Լիանան։ 

Լիանայի համար այս գործում հաջողելը գլխավոր նպատակ է դարձել։ Ասում է՝ պետք է ապացուցի, որ գինեգործությունը միայն տղամարդու մենաշնորհը չէ։ Եվ ինքն էլ, զարգացնելով իր բիզնեսը, շուտով կապացուցի, որ կանայք ևս կարող են հաջողակ գինեգործ լինել։