Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման համաձայնագրին

Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրերին, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքը։

Համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ընկերություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ»,- նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում:

Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ համաձայնագրերն, ըստ ընդունված որոշումների, կարող են ժամանակավորապես կիրարկվել մինչև կավարտվեն փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։

Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետև, համաձայնագրերը պետք է վավերացվեն ԵՄ անդամ բոլոր պետությունների, Միության և ստորագրող երկրի կողմից: