Կաշառք ստանալու վերաբերյալ Քոչարյանի գործի քննությունը մեկ ամսով հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հունիսի 29-ին, վերսկսեց կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։

Նիստը բացելիս՝ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։

Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ստացել էր 21,9 տոկոս ձայն։ Արմեն Գևորգյանը զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։

Քոչարյանի և Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը։

Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։

Պաշտպանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով, հարցի վերջնական լուծման ժամկետը սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։