Տունդ կվերցնեն, եթե այնտեղ չես․ խնդրահարույց օրինագիծ և բուռն քննարկում Արցախի խորհրդարանում

Հունիսի 29-ին 24 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի Ազգային ժողովն ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը և նպատակը (եթե դրանք գաղտնի չեն), գույքի օգտագործման դիմաց վճարելու և գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) Արցախի Հանրապետության պարտականությունը, ինչպես նաև նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու ու ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվություն է սահմանվում՝ ազատազրկման ու տուգանքի տեսքով:

Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում: Գլխավոր հարցը սեփականության իրավունքի և հանրային շահի համատեքստում էր: ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը Հայկ Խանումյանին և կառավարության մյուս անդամներին հարցրեց Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչպես են ձախողում պետությունները» աշխատության մասին. «Արդյո՞ք ծանոթացել ես այդ աշխատությանը այս օրինագիծը ներկայացնելիս»:

Հայկ Խանումյանը պատասխանեց, որ իր համար էլ է կարևոր սեփականության իրավունքը, սակայն այն սահմանափակվող իրավունք է. «Լավ օրից չէ, որ այս իրավունքը սահմանափակվում է: Այս իրավունքի սահմանափակմամբ նպատակ ունենք ստանալ ավելի դրական արդյունք այն մարդկանց համար, որոնք մինչև այսօր, օրինակ, կացարան չունեն: Չնայած օրենքը ավելի լայն գույքային հարաբերությունների է վերաբերում, քան միայն անշարժ գույքին»:

Իշխանյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, այս ամենը ձախողման նպատակներո՞վ է արվում, թե՞ շինելու կամ շենացնելու»:

Ի պատասխան, Խանումյանն ասաց, որ պետությունն արդեն ձախողվել է, քանի որ պետության 75 տոկոսը չկա, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ կան. «Պիտի այս մարդկանց խնդիրները լուծենք»:

Դաշնակցական պատգամավորը պարզաբանեց, որ վերջնական ձախողման մասին է։ «Վերջնական ձախողումը կլինի այն դեպքում, երբ այս մարդկանց կորցնենք հավերժ»,- պատասխանեց նախարարը:

Խանումյանին հարց ուղղեց նաև «Արդարություն» խմբակցության ղեկավար Կարեն Հովհաննիսյանը: Նա նույնպես մտահոգվեց՝ ադրյոք հոնքը սարքելու փոխարեն աչքը չե՞նք հանում. «Առաջնորդվելով սեփականության նորմերից, գտնում ենք, որ օրենքը կիսատ-պռատութուն ունի: Այս օրենքի կիրառմամբ սեփականությունը վերցնում ենք: Մենք ենք ծախս անում, պետությունն է ծախս անում, հետո այդ սեփականատերը պետությանը պիտի վարձահատույց լինի: Պետությունը պիտի միանձնյա տնօրինի: Օրինակ, այդ դետալները ո՞նց եք նախատեսել: Խոսքը գյուղական բնակավայրերի մասին է»:

«Գյուղական համայքներում այդ գործընթացը սկսվել է նոյեմբերին, երբ համայքնի ղեկավարները ներկայացրել են ազատ բնակֆոնդի ցուցակ, որը նորոգվել է, և ենթադրում է այն վարձի չափով այդ տան համար այդ վերանորոգման գումարից դուրս գալու համար: Էլի օպերատիվ լուծում, և հարյուրավոր տներ այդպես բնակեցված են: Դրա շնորհիվ, ենթադրենք, Դահրավ գյուղի դպրոցը, որ ուներ ութ աշակերտ, հիմա ունի 26-ը: Կամ Լուսաձորի 12 աշակերտ ունեցող դպրոցը այսօր 40-ից ավելի աշակերտ ունի: Հիմնականում այդ սկզբունքն է օգտագործվել: Այս օրենքը գալիս է նաև դրա իրավական հիմքերը պատրաստելու համար»,- պատասխանեց Խանումյանը:

Արցախի Ժողովրդավարական (ԱԺԿ) խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը հարցրեց, թե արդյոք մենք հրաժարվո՞ւմ ենք նոյեմբերի 9-ի համաձայնագրի բովանդակությունից, որտեղ նշվում է ներքին տեղահանված և փախստականների վերադարձի մասին. «Ամսի 9-ի լույս 10-ին ստորագրած համաձայնագրի 7-րդ կետում հստակ նշած է տեղահանվածների մասին, որ պետք է վերադառնան իրենց բնակավայրերը: Ասում եք, որ սա այն ամենավերջին տարբերակն է, որ մենք փնտրել ենք: Կարծում եմ՝ սա էլ է ճանապարհ՝ ճնշում գործադրել, որպեսզի մեր տարհանված քաղաքացիները վերադառնան տները: Եթե այս ճանապարհը չի ստացվում, այս գաղափարը մենք հանո՞ւմ ենք օրակարգից, թե՞ պահում ենք: Իմ մեջ հարցեր են առաջանում: Երկրոդը, ես հիշում եմ 90-ական թվականները: Գրեթե նմանատիպ գործընթաց էր, երևի ավագ գործընկերները կհիշեն «конфисковать» տերմինը»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասաց, որ չի կարծում, թե այս օրենքով հրաժարվում ենք վերադառնալ մեր տները. «Բայց ես վստահ չեմ, որ Գրիգորյան Արշակենց [«Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, ծնվել է Հադրութի շրջանի Տող համայքնում – ՍԻվիլՆեթ] տունը այս պահին կանգուն է: Ենթադրենք, վերադառնալուց հետո խնդիր չի լինելու բնակվելու: Եթե այս պահին կա խնդիր մարդկանց կացարանով ապահովելու, ապա այն պետք է լուծվի: Իսկ ինչ վերաբերում է 90-ականներին, իրավիճակը բոլորովին այլ էր: Խորհրդային միությունից հետո էր, և բնակֆոնդի զգալի մասը պետական էր: Եվ այն ժամանակ գործող խորհրդային օրենքներով, եթե ինչ-որ ժամանակ չէին ապրում այդ բնակարաններում, վերցնում էին: Միգուցե չարաշահումներ են եղել, սեփականն էլ են վերցրել: Բայց սա համեմատելի չէ, գույքը վերցնելու մասին խոսք չկա, ընդամենը գույքի օգտագործման իրավունքն է սահմանափակվում ժամանակավորապես»:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել