«Հայկական ռապսոդիան» իրականությունն է՝ մի քանի հեղինակի աչքերով

«Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում կցուցադրվի «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը, որը մի շարք արվեստագետների համատեղ աշխատանք է: Ֆիլմը նկարահանավել է 20 օրում՝ Կոսինա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների համատեղ սցենարի հիման վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հեղինակներից մեկը` Սեզար Կանանյանը, ներկայացրեց ֆիլմը:

«Հայկական ռապսոդիա» անվանումը անդրադարձ է Փարաջանովի «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմին: Այն մի շարք ներազդեցությունների արդյունք է և հետևաբար՝ շատ են նաև անդրադարձները: «Ինձ թվում է՝ ֆիլմի գլխավոր հեղինակը Արտավազդ Փելեշյանն է, որի տարածական մոնտաժի մեթոդն է մեզ ոգեշնչել»,- ասաց Սեզար Կանանյանը: Ֆիլմում հեղինակներն աշխատել են պահպանել ռապսոդիայի կառուցվածքը` համադրելով պատմողական և երաժշտական հատվածները:

Ֆիլմի սկզբում տարեց մի մարդ պատմում է 1915թ․ Հայոց ցեղասպանության մասին: Նրա պատմությունը շատ ռացիոնալ է, հավասարակշռված և գիտական: Առաջին տեսարանին հաջորդում են այլ հարցազրույցներ, երաժշտական դրվագներ, քննարկումներ ամենատարբեր թեմաների շուրջ` Էջմիածին, երկրաշարժ, մշակույթ, ժամանակակից հայության խնդիրները, հնչում տարբեր երաժշտություն` Կոմիտասից մինչև Ռուբեն Հախվերդյան: Վերջում կարծես կրկնվում է սկզբի տեսարանը․ տարեց կինը պատմում է Ցեղասպանության մասին, սակայն արդեն այլ մոտեցմամբ` էմոցիոնալ, մտերմիկ: Սեզար Կանանյանի խոսքով՝ այդ յուրատեսակ հայելին խորհրդանշական է, քանի որ վերջում հեղինակներն ամուսնության միջոցով միավորում են այս երկու հակապատկեր թվացող կերպարները: «Սկզբում թվում է, թե ֆիլմը խճանկար է: Սակայն ֆիլմի կեսից մինչև վերջ ամեն բան իր տեղն է գտնում»,- նշեց համահեղինակը:

Սեզար Կանանյանի խոսքով՝ հեղինակների համար ամենակարևորը իրականությունը ներկայացնելն է: «Յուրաքանչյուր ֆիլմ հեղինակի հայացքն է այս կամ այն հարցի նկատմամբ: Այն չի կարող օբյեկտիվ լինել: Միակ բանը, որ կարող է օգնել ամբողջական պատկերի ստացմանը, թեմաների հնարավորինս լայն ընդգրկումն է»,- նշեց Կանանյանը: Ֆիլում ոչ մի թեմա առանցքային չէ, միակ առանցքները երաժշտությունն են ու հայ մարդկանց դիմանկարները:

«Հայկական ռապսոդիան» առաջին անգամ կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որից հետո այն կմասնակցի նաև Բրազիլիայի կինոփառատոնին:

Մեկնաբանել