ԱԱԾ-ն բացահայտել է մեքենաների համարանիշերի գողությամբ զբաղվող հանցավոր խումբ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է մեքենաների համարանիշերի գողությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Երկու անձ կալանավորվել է։

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ՝ տեղեկացված լինելով, որ կառավարության որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ։

«Հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանցավոր մեխանիզմի գործադրման արդյունքում 2021 թվականի ապրիլից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում հանցավոր խումբը ապօրինի, գաղտնի տիրացել է Երևան քաղաքում կայանված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների՝ սովորականից թանկ՝ 250.000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերին։

Հերթական համարանիշի գողանալու պահին հանցավոր խմբի երկու անդամ բռնվել ու բերման են ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն: Նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

«Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել