Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք

Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչությունը 2020-ից մինչ այս պահը բացահայտել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ ու 5 շարժական գույք, բաժնետիրական 3 ընկերության բաժնետոմսեր և մոտ 6,2 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված շահագրգիռ անձինք հրավիրվել են դատախազություն՝ հավաքված նյութերին ծանոթանալու։ Դատախազությունը տեղեկացրել է նաև, որ այդ ուսումնասիրություններով չորս դիմումներ են հասցեագրվել դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, և դրանք բավարարվել են։

«Բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք»,- նշել են դատախազությունից։

2020-2021 թվականներին ուսումնասիրություն սկսելու 240 որոշում է կայացվել, օպերատիվ-հետախուզական միջոցառումների 91 հանձնարարական է տրվել։

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունվեց 2020-ի ապրիլին։ Դատախազությունում հիմնվեց համապատասխան վարչություն, որը դիմումների հիման վրա ուսումնասիրում է ու դիմում դատարանին, որն էլ թույլ է տալիս կամ մերժում գույքի բռնագանձումը՝ ապօրինի ծագման հիմքով։