Շինափայտի և փայտանյութի ապօրինի վաճառք՝ «Ջիլիզայի անտառտնտեսություն»-ում․ ՍիվիլՆեթի հետաքննությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարներն ու անտառապետերը զբաղվում են շինափայտի և փայտանյութի ապօրինի վաճառքով։ Ապօրինի վաճառվող փայտանյութը և շինափայտը մասնաճյուղի ղեկավարները կուտակում և բեռնում են հենց անտառտնտեսության վարչական շենքի բակում: Հունիսի 26-ին՝ երեկոյան ժամը 6:30-ի սահմաններում, ՍիվիլՆեթի թղթակից Լարիսա Փարեմուզյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի վարչական շենքի բակում նկատել է մեծ քանակությամբ կուտակված շինափայտ և փայտանյութ:

«Շինափայտի մեծ կույտեր կային նաև այստեղ տեղակայված սղոցարանի առաջ: Տարածքում կայանած էր բաց թափքով 16 UO 838 պետհամարանիշով բեռնման սպասող «Կամազ» մակնիշի բեռնատարը: Վերջինիս վարորդը բեռնախցում քնած էր, կանչին չարձագանքեց:

Հունիսի 28-ի առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում անտառտնտեսության շենքի բակում հանդիպեցինք որակյալ փայտանյութով բեռնված՝ 34 CV 015 պետհամարանիշով «Կամազ» մակնիշի երկրորդ բեռնատարը:

Լուսանկարելիս բեռնատարի կողքին կանգնած մարդիկ փախան: Մեզ չհաջողվեց գտնել ավտոմեքենայի վարորդին և գնորդին: Ավագ անտառապետ, մասնաճյուղի տնօրենի տեղակալ Լևոն Կիրակոսյանը մեզ հայտնեց, որ 34CV 015 փայտով բեռնված ավտոմեքենայի վարորդը մասնաճյուղի Խոժոռնու անտառապետության անտառապետ Տիգրան Ղարիբյանի որդին է՝ Արկադի Ղարիբյանը: Մեկ տարի առաջ ապօրինի բարձրորակ փայտ տեղափոխելիս Արկադի Ղարիբյանին հանդիպել էինք Ջիլիզա սահմանային գյուղ մտնող ճանապարհին՝ «Ռսի թալա» հանդամասում:

Լևոն Կիրակոսյանին խնդրեցինք մեզ տրամադրել հունիսի 26-ին բեռնված 16 UO838, հունիսի 28-ի առավոտյան բեռնված 34 CY015 պետհամարանիշներով բեռնատարների, սղոցարանի առաջ թափված և մեր լուսանկարած փայտանյութի և շինափայտի՝ անտառից օրինական ճանապարհով տեղափոխելու փաստաթղթերը, գնորդների վճարման անդորրագրերը, անտառտնտեսության վարչական շենքի բակում սղոցարան տեղադրելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թույլտվությունը, հրամանով սղոցարանի պատասխանատուի ազգանունն ու պարտականությունները: Լևոն Կիրակոսյանը 16UO838 բենատարի տեղափոխած փայտանյութի վճարման անդորրագիր և հարկային հաշիվ ընդհանրապես չներկայացրեց: «Դուք շաբաթ օրը լուսանկարել եք սղոցարանում գտնվող 9խմ տախտակ և 11 խմ շինափայտ»,- ասաց նա:

Նշված շինափայտը անտառից օրինական տեղափոխելու և գնորդի վճարման անդորրագիր Կիրակոսյանը նույնպես չներկայացրեց: Նա առանց վճարման անդորրագրի մեզ փոխանցեց 34 CY015 պետհամարանիշով «Կամազ»-ում բեռնված փայտանյութի հարկային հաշիվը, որտեղ բացակայում էր փայտի արժեքի վճարման ՀԴՄ կտրոնի համարը, Խոժոռնու անտառապետությունից փայտը դուրս գրող Միսակ Մկրտչյանի և գնորդ Արտաշես Աբելյանի ստորագրությունները: Ավագ անտառապետը մասնաճյուղի համակարգչից հանեց և մեզ տվեց Խոժոռնու անտառապետությունից 11խմ փայտի տեղափոխման փաստաթղթեր՝ առանց կնքման և ստորագրությունների, առանց վճարման անդորրագրերի: Մասնաճյուղի շենքի բակում սղոցարան տեղադրելու և սղոցարանի պատասխանատու նշանակելու մասին հրամանների փոխարեն՝ Լևոն Կիրակոսյանը մեզ տվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի՝ 2021թ. մայիսի 20-ի հրամանը՝ Նվեր Վահրամյանին այս տարվա մայիսի 24-ից «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես պահեստապետ աշխատանքի ընդունելու մասին: Հրամանում որևէ հանձնարարական չկար Վահրամյանի՝ սղոցարանի պատասխանատու լինելու մասին»։

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել