Հարկային եկամուտները կիսամյակում գերակատարելու ենք․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում»,- նշել է Փաշինյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

«Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետև ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետև ծախսերի արդյունավետությունը նաև տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Մենք խոսել ենք լայնածավալ կապիտալ ներդրումների, հարյուրավոր դպրոցների, հարյուրավոր մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին, և անխուսափելիորեն դա պետք է ապահովենք: Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»,- ասել է նա։

Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գնումների ոլորտի կարգավորումների պարզեցման ու արդիականացման ուղղությամբ միջոցառումների ընթացքին, շինարարության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բնակարանաշինության գոտիավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի: