Հայաստանի տնտեսական աճը տարվա համար կկազմի 6 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները 2021-ի համար բարելավվում են, ու այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ․ այդ մասին կառավարության հուլիսի 1-ի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ բյուջեի հիմքում դրվել էր 3,2 տոկոս աճի ցուցանիշը։

Փաշինյանը գոհունակություն է հայտնել նաև պետական եկամուտների հավաքագրման առթիվ՝ հայտարարելով, որ կիսամյակային կտրվածքով պլանը գերակատարել են։ 

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում ասաց՝ այս տարվա առաջին 6 ամիսներին հավաքագրվել է 750 միլիարդ դրամ այն պայմաններում, երբ նախատեսվում էր հավաքագրել 683 միլիարդ. «Առաջին կիսամյակի համար ունենք 52,5 միլիարդի գերակատարում։ Համապատասխան հարկատեսակներով 84 միլիարդ է վերադարձվել քաղաքացիներին ու իրավաբանական անձանց»։

ՊԵԿ նախագահը նաև հաղորդեց, որ այս տարվա առաջին կիսամյակում 24 միլիոն ավել գործարքներ են կայացել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։