Արցախին օգնության ծրագրերով ծախսվել է 53 միլիարդ դրամ․ Փաշինյան

Պատերազմից հետո Արցախին օգնության ծրագրերով ծախսվել է մոտ 53 միլիարդ դրամ։ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Կառավարությունը հուլիսի 1-ին որոշեց միջպետական վարկ տրամադրել Արցախին՝ ավելի քան 7.5 միլիարդ դրամի չափով։ Այն ուղղվելու է արցախցիների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը, աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարմանը, առողջապահության ոլորտին և այլն։ 

«Արցախին մեր աջակցության ընդհանուր փաթեթը կազմելու է 83 միլիարդ դրամ, որից 53 միլիարդ դրամը այս պահին ծախսվել է։ Ծրագրերի մի մասն ընթացքի մեջ են, այստեղ տրամաբանությունը հընթացս փոփոխության պիտի ենթարկվի, որ վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով ու Արցախի տնտեսությունը սկսի աշխատել»,- ասաց Փաշինյանը։