ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ. Կոմիտաս Մերճանեան

Գինու ինկուբացիոն նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  (PSD TVET) ծրագրերի միջև հաջողված համագործակցության արդյունք է: Ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ):

Նախագծի նպատակը Սիրիայից տեղահանված անձանց ու տեղացի կանանց համար ձեռնարկատիրական գործունեության նոր հնարավորությունների ստեղծումն է գինեգործության ոլորտում։ Նախագծի արդյունքում գինու շուկա են մուտք գործել սիրիահայ և տեղացի կին վեց սկսնակ գինեգործներ, որոնցից ստորև ներկայացվում է Կոմիտաս Մերճանեանի պատմությունը: 

Կոմիտաս Մերճանեանը 2012-ին Հայաստան էր եկել որպես զբոսաշրջիկ, սակայն Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմը փոխեց նրա բոլոր ծրագրերը, և նա ծնողների հետ բնակություն հաստատեց Հայաստանում։

«Երևանում հաստատվելուց հետո կյանքս ամբողջությամբ փոխվեց, լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց ընթացքը»,- նշում է Կոմիտասը։ Նա Հալեպում աշխատում էր հյուրանոցի ընդունարանում։ Սակայն հյուրանոցի ոլորտում ունեցած փորձառությունը Հայաստանում չկարողացավ օգտագործել. ռուսերեն չիմանալու պատճառով որևէ հյուրանոց նրան աշխատանքի չվերցրեց։

«Սկսեցի ամեն առիթի նոր գինի փորձել։ Այնուհետև «Ին վինո» մասնագիտացված գինիների բարում սկսեցի ուսումնասիրել տարբեր գինիները և զբաղվել դրանց վաճառքով։ Մի օր էլ մոտս միտք ծագեց, որ օր կգա, ու գինեգործները կդադարեն գինի ստեղծել, ու ես կմնամ առանց գինի։ Որոշեցի ստեղծել իմը, իմ ոճով, նոր՝ պահպանելով ավանդականը»- պատմում է Կոմիտասը։

32-ամյա երիտասարդը նշում է, որ թեև Սիրիայում գինեգործությունը տարածված չէ, սակայն իրենց ընտանիքում տնական գինի միշտ են պատրաստել։ 

«Ամեն ամառ հայրիկս Հալեպում խաղող էր գնում, տանիքին փռում ու դրանից հետո ճզմում էր, տարայի մեջ լցնում ու մառանը պահում»,- հիշում է երիտասարդը։

2016-ին Կոմիտասը հնարավորություն է ստացել փորձառություն անցնել «Տրինիտի» գինեգործարանում, ինչն էլ ճակատագրական նշանակություն է ունեցել իր համար։

«Այնտեղ առիթ ունեցա կարմիր, յուրահատուկ գինի արտադրել քիչ քանակությամբ, որը, սակայն, շատ շուտ սպառվեց։ Ե՛վ ընկերներս, և՛ ծնողներս շատ հավանեցին, ու որոշեցի մասնագիտանալ գինեգործության ոլորտին մեջ»,- պատմում է Կոմիտասը։

2015-ին Կոմիտասն ընդունվումլ է ICARE հիմնադրամի «Ի-Վի-Էն» գինու ակադեմիա, որտեղ երկու տարի ուսանում է գինի պատրաստելու տեխնոլոգիան, հմտությունները ու նրբությունները։

«Ավարտելուց հետո փնտրում էի մի տեղ, որտեղ կարող եմ գինի արտադրել։ Ես մինչև հիմա «Տրինիտի»-ում աշխատում եմ որպես գինեգործի օգնական։ Եվ երբ GIZ-ի կողմից առաջարկ եղավ Գինու ինկուբացիոն նախագծին մասնակցելու, միանգամից համաձայնեցի, քանի որ լավ հնարավորություն էր սեփական բիզնեսը սկսելու համար»,- նշում է Կոմիտասը։

Վիճակահանությամբ նրան ընկել է խաղողի Արենի տեսակի անապակ դառը, հնեցված կարմիր գինին։ 

«Վայոց ձորում Աղավնաձորի այգիների խաղողը տակառում հնեցվել է վեց ամիս։ Այս ժամկետը գինուն թույլ է տվել բացահայտել բույրերը և համերը. եթե երկար ժամանակ մնար տակառում, փայտը կգերիշխեր գինու նուրբ համի նկատմամբ»,- նշում է Կոմիտասը։ 

Գինին շուկայում կհայտնվի «ՁՈՆ» պիտակի ներքո, որն ունի հատուկ ուղերձ։ 

«Ի սկզբանե պիտի կոչվեր իմ անունով, սակայն չցանկացա, որ մարդիկ իմ անունով գինի խմեն։ Որոշեցի անունը դնել «ՁՈՆ»՝ «նվիրում»՝ երաժշտության, բանաստեղծի, բնության և այն յուրահատուկ գինուն, որը ստեղծեցի տարիներ առաջ»:

Գինին յուրահատուկ պիտակ ունի. «Ով իրեն նայի, չի տեսնի մեկ հատուկ պատկեր։ Այնտեղ կան տիեզերքի չորս տարրերը և այլ պատկերներ. յուրաքանչյուր մարդ նայելով դրան՝ իր երևակայությանը, հոգեվիճակին համապատասխան խորհրդանշաններ է բացահայտում»։

Կոմիտասի համար գինեգործությունն այսօր կյանքի նպատակ է։ Արդեն Աղավնաձորում ձեռք է բերել կես հեկտար տարածք, որտեղ հիմնել է խաղողի փոքրիկ այգին։

«GIZ-ը օգնեց, որ ես գնամ իմ երազանքի հետևից։ Հնարավորություն տվեց, որ մտնեմ հայկական շուկա, ունենամ իմ գինին՝ իմ ոճով, իմ պիտակով, և ամենակարևորը՝ գիտելիք ու հմտություններ, որ կօգնեն զարգացնել իմ բիզնեսը: Դա շատ կարևոր էր Հայաստանում հաստատվելու համար»,- ասում է Կոմիտասը։ 

Ապագայում երիտասարդը նպատակ ունի հողամաս ձեռք բերել Լոռու կամ Տավուշի մարզում.

«Փափագս է՝ հիմնել փոքրիկ գինեգործարան, որտեղ կընդունեմ ընկերներ, հյուրեր և զբոսաշրջիկներ ու միասին կը ՁՈՆենք երգեր»,- ասում է Կոմիտասը։