ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ. Հակոբ Կազանջյան

Գինու ինկուբացիոն նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագրերի միջև հաջողված համագործակցության արդյունք է: Ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ):
Նախագծի նպատակը Սիրիայից տեղահանված անձանց ու տեղացի կանանց համար ձեռնարկատիրական գործունեության նոր հնարավորությունների ստեղծումն է գինեգործության ոլորտում։ Նախագծի արդյունքում գինու շուկա են մուտք գործել սիրիահայ և տեղացի կին վեց սկսնակ գինեգործներ, որոնցից ստորև ներկայացվում է Հակոբ Կազանջյանի պատմությունը:

2006-ին Հալեպից Հայաստան տեղափոխված Հակոբ Կազանջյանը, թեև մասնագիտությամբ արևելագետ է, սակայն ավելի քան տասը տարի է՝ զբաղվում է վեբ ծրագրավորմամբ։ Մեկ տարի առաջ էլ հեղափոխական որոշում է կայացրել՝ սովորել գինեգործություն ու բիզնես սկսել այդ ոլորտում։

32-ամյա Հակոբն անցած տարի «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ից տեղեկացել էր ԳՄՀԸ/GIZ-ի կազմակերպած գինեգործության արագացված դասընթացների մասին և կնոջ՝ Գոհարի հորդորով որոշել՝ դիմել։

«Գինու հետ կապը երկար տարիներ հիմնականում որպես ակտիվ սպառող է եղել։ Թեև մեր ընտանիքում որևէ մեկը գինեգործությամբ չի զբաղվել, բայց ինձ մոտ գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրություն եղել է։ Կնոջս՝ Գոհարի հետ Կալավան համայնքում գյուղատնտեսական ծրագրեր ենք իրականացնում»,- նշում է Հակոբը։

Երիտասարդ գինեգործի խոսքով՝ գյուղատնտեսություն մուտքը հենց գինեգործության միջոցով առավել հետաքրքիր է՝ խաղող աճեցնել, գինի ստանալ, այդ գինին շշալցնել ու վաճառել․ գործընթացներ են, որ հրապուրիչ են։

Գինու ինկուբացիոն ծրագիրը՝ դասընթացներից սկսած մինչև վերջին փուլ, Հակոբն անցել է կնոջ՝ Գոհարի հետ։ Վերջինս ավելի մեծ փորձ ունի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտում. իրականացրել է ծրագրեր՝ կապված ջերմոցների ու օրգանական գյուղատնտեսության հետ։ Այժմ ամուսինները որոշել են գինու ընտանեկան բիզնես սկսել։

Ասում են՝ և՛ արագացված դասընթացները, և՛ բուն ինկուբացիոն փուլը շատ տեղեկատվական, հետաքրքիր ու օգտակար էին։ Կարողացել են բացահայտել ոլորտի շատ նրբություններ ու ձեռք բերել հմտություններ։

«Շատ լուրջ ոլորտ է։ Ես չէի պատկերացնում, որ այդքան գիտական տեղեկությունների պետք է տիրապետես, որ այս ոլորտում լինես։ Ու երբեք չէի մտածի, որ այդքան գիտություն կա գինի արտադրելու մեջ»,- նշում է Գոհարը։

Ամուսինները ծրագրի արդյունքում կարտադրեն կարմիր գինի՝ Հաղթանակ խաղողի տեսակից։ Գինին հնեցվել է հայկական կաղնու տակառներում մոտ յոթ ամիս։

Իսկ շշալցված գինին հայկական շուկա կմտնի «Գալար» ապրանքանիշով․ պիտակի վրա ևս պատկերված է գալար։ Ըստ Հակոբի՝ այն նախ խորհրդանշում է ոլորվող ճանապարհ, ուղևորություն, պատկերում է խաղողի վազի ճյուղերն ու կոճղը և ներկայացնում է գինու պտույտը բաժակի մեջ լցնելիս կամ բաժակը պտտելիս՝ բույրերի վերհանման համար:

«Այս սիմվոլիզմի երրորդությունը էլեմենտները կապում է ապրանքանիշի ինքնության հետ: Գալարվող ճանապարհը խորհրդանշում է մեր անսպասելի ուղևորությունը յուրաքանչյուրիս կյանքում, որը միավորեց մեզ միմյանց հետ, և երկուսիս դրեց գինեգործության արահետի վրա»,- ասում է Հակոբը։

Խաղողի վազի կոճղը խորհրդանշում է ուժեղ հիմքերի և հաստատուն արմատների վրա խարսխվելը, խոսում է նախնյաց ժառանգությանը հաղորդակից լինելու մասին՝ կրելով հազարամյա գինեգործական ավանդույթն ու փորձը և դրանց մերօրյա վերականգնումն ու վերածնունդը: Սա նաև հարգանքի տուրք է Հակոբի նախահորը, որը Ցեղասպանությունից առաջ Ուրֆա քաղաքում՝ պատմական Եդեսիայում, զբաղվել է խաղողագործությամբ և ունեցել խաղողի այգիներ:

Թեև գինեգործությունն ու ծրագրավորումը գրեթե ընդհանրություններ չունեն, սակայն Հակոբը նշում է, որ իր՝ ՏՏ ոլորտում ունեցած փորձը ջանալու է ներդնել նաև գինեգործության մեջ՝ հատկապես գինիների վաճառքի և շուկայացման գործընթացում։

Զույգը գինու ինկուբացիոն նախագծի շրջանակում ձեռք բերված 500 շիշ գինու վաճառքից ստացված գումարը նպատակ ունի ուղղել բիզնեսի զարգացմանը։ Հաջորդ տարվա համար արդեն պատվիրել են գինու երկրորդ խմբաքանակը, որը նույնպես Հաղթանակ խաղողից է։

Սակայն ամուսիններն ավելի հավակնոտ մտքեր ու հեռահար ծրագրեր ունեն։

Ընտանիքին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտ պատկանող և շուրջ 20 տարի չօգտագործված հողատարածքը շուտով կպատվի խաղողի վազերով։ Հակոբը պատմում է, որ մինչև Գինու ինկուբացիոն նախագծի մեկնարկն իրենց այցը Ագրարային համալսարանի Ոսկեհատ գինեգործության կենտրոն բախտորոշ է եղել։

«Մեզ համար շատ ոգևորիչ էր այդ գործարան այցելությունը։ Երբ տեսա, որ այն ընդամենը մի կիլոմետր հեռավորության վրա է մեր հողամասից, ինձ համար նշան էր, որ արժե խորանալ գինեգործության մեջ, այգի հիմնել ու աճեցված խաղողից էլ այդ գործարանում գինի ստանալ»,- ասում է Հակոբը։

Զույգը հույս ունի, որ մոտ ապագայում արդեն կունենա իր փոքրիկ գինեգործարանը՝ խաղողի այգով։ Սակայն ծրագրերն ու նպատակներն այդքանով չեն ավարտվում։

«Մի տեսլական ունենք, որը հավակնոտ է ու մի քիչ ռոմանտիկ։ Ուզում ենք Հայաստանի ամեն մի խաղողագործական շրջանում ստեղծել մի փոքր այգի, որտեղ կաճեցնենք հայկական խաղողներ թեկուզ այն տեսակներից, որոնք նոր են վերականգնվում, և կորսված տեսակներից կտնկենք։ Ու ամեն մի շրջանի խաղողից գինի կլինի։ Օրինակ՝ Տավուշից կունենանք սպիտակ գինի, Վայոց ձորում՝ Արենի կամ Արենիի նման վերականգնվող սորտերից, և այլն»,- ասում է զույգը։

Հաճախ են ասում, որ գինու վաճառքը նաև էմոցիաների վաճառք է, և գնորդը գնում է ոչ միայն բուն գինին, այլև դրա պիտակի հետևում ընկած պատմությունն ու փիլիսոփայությունը։

«Մեկ տարի առաջ, երբ դասընթացների շրջանակում այցելում էինք ինչ որ գինեգործարան, այդ պատմությանը սիրահարված՝ Երևան էինք վերադառնում ու նույն գինուց էինք գնում՝ խմելու կամ պահելու համար։ Հուսով ենք՝ մեզ էլ կհաջողվի մեր պատմությունն այնպես ներկայացնել, որ սպառողները նույն կապն ունենան, ինչպես մենք ենք ունեցել այլ գինիների հետ»,- նշում է զույգը։

«Գալար» գինին սեր և հույզ է պարունակում, և զույգը հույս ունի, որ այն ըմպողները իսկապես գեղեցիկ ու հաճելի զգացումներ կունենան, ինչպես նկարագված է գինու ետնապիտակում. «Անկանխատեսելի ուղեկիցների միավորումը ծնում է մեծ արկածներ: Թո՛ղ որ կյանքի գալարներին հանդիպեք ձեր անսպասելի ընկերոջը: Գալարի յուրաքանչյուր ումպ ձեր ճանապարհորդությունը կդարձնի արկածախնդրություն»։

Մեկնաբանել