Շուտով ադրբեջանական կողմը Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից այլևս չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը այլևս չի օգտվելու: Այս մասով էլ լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նաև գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում և այլն»,- ասել է Բեգլարյանը:

Արցախի պետնախարար վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ․ «Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- նշել է նա:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախից արտագաղթը կանխելու համար երկու հիմնական ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն՝ երկարաժամկետ անվտանգության ապահովման և բնակարանային հարցերի հնարավորինս արագ և արդյունավետ լուծման:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է լինելու հինգ տարի հետո, երբ ռուս խաղաղապահների` Արցախում մնալու ժամկետը ավարտվի, Բեգլարյանը պատասխանել է․ «Թե լուծումները ինչպիսի կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան, բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե, մեր Պաշտպանության բանակը իր մասով երաշխավորում է անվտանգությունը և ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու»,- ասել է նա:

Մեկնաբանել