Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին․ «Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: ՀՀ քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է ՀՀ քաղաքացու քվեով»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է «դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի»։