Հրապարակվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը

Հուլիսի 1-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը։ 

Համաձայն այդ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում վերջինս 2013-ին հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ կես միլիարդ դրամի հափշտակության կատարում։ Մեղադրողի խոսքով՝ այդ գումարը նախատեսված էր ավելի քան 15 մլն լիտր դիզելային վառելիքի համար:

Սերժ Սարգսյանը մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հայտարարեց, որ այն «ամբողջովին կեղծ է»։

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, ամբողջովին կեղծ է, և հորինվել է ՀՔԾ-ի, հաստատվել՝ դատախազության կողմից՝ քաղաքական պատվերի շրջանակում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը մեղավոր չէ։

Այնուհետև նիստին պետք է հետազոտվեին ապացույցները, սակայն պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով, դատաքննությունը հետաձգվեց։

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ