Պողպատե արդարադատությանը սպասելիս

court armenia

Արման Սուլեյմանյան, լրագրող 

Նոր մանդատը բերում է պատասխանատվության նոր մակարդակ։ Հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե որ խնդիրներն են ժառանգվել նախկինից, որոնք թույլ չտվեցին գործող իշխանություններին անցկացնել դատական արդյունավետ բարեփոխումներ։ Ավելին, այժմ իշխանությունները պետք է կարողանան գույքագրել և թե՛ փորձագիտական շրջանակներին, թե՛ հանրության լայն խավերին բացատրել, թե ինչ խութեր են ժառանգել նախկինից, որոնք հաղթահարելու համար նույնիսկ երեք տարին բավական չէր տարբեր օբյեկտիվ պատճառներով։

Վերոհիշյալ «ժառանգած»  խնդիրներից կարելի է և պետք է նախևառաջ առանձնացնել դատավորական համայնքն իր արժեհամակարգով։ Հաշվի առնելով, որ այսօրվա դատավորական համայնքի ճնշող մեծամասնությունը ձևավորվել է 1998-ից սկսած, դժվար թե դատավորների մի ստվար զանգված ցանկանա կիսել 2018-ից հետո իշխանության եկած ուժի դատական բարեփոխումների պատասխանատվությունը, որը կարելի է անվանել «պողպատե պատասխանատվություն». դատավորներն արդեն համոզվել են, որ քաղաքական իշխանությունների կյանքն ի տարբերություն իրենց կյանքի կարճատև է։

Այսպիսով, որքան էլ գործադիրում մշակեն «միջազգային լավագույն փորձին համապատասխանող» բարեփոխումների փաթեթ, մեծ է հավանականությունը, որ դրա անմիջական կրողներն ու իրականացնողները` դատավորներն ու նրանց աշխատակազմերը, անհաղորդ մնան այդ բարեփոխումների իրականացմանը։ Սա կարող է մեկնաբանվել որպես լռելյայն խռովություն, բայց սա այն օբյեկտիվ իրականությունն է, որից խուսափել չի հաջողվի ցանկացած իշխանության, որը կգնա արմատական կամ խորքային բարեփոխումների ճանապարհով։ Ընտրողներն այս անգամ երկարատև բարեփոխումների մանդատ կարծես թե չեն տվել, մարդիկ հենց այսօր են ուզում զգալ դատարանների արդյունավետ աշխատանքի արդյունքները։

Հաշվի առնելով, որ դատավորները Հայաստանում պաշտոնավարում են «ցկյանս», այսինքն՝ անհնազանդներին ու անհամաձայններին հենց այնպես պաշտոնանկ անել չի կարելի, պետք է արձանագրել, որ Փաշինյանի ու նրա թիմի առջև իրապես լուրջ մարտահրավեր է կանգնած, որը լուծելու համար հարկավոր է ունենալ փորձագիտական լուրջ աջակցություն և ոչ ստանդարտ, բայց միևնույն ժամանակ իրավունքի գերակայության ծիրում գտնվող լուծումներ։

Մարտահրավերների մյուս խումբը պայմանավորված է մինչհեղափոխական քաղաքական ուժերի և դատարանների վարքագծի արձագանքների հետ։ Մասնավորապես, նախահեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների համատարած ոտնահարումները գաղտնիք չեն եղել։ Դրանք տեղի են ունեցել դատաիրավական համակարգում քաղաքական իշխանությունների կա՛մ ուղղակի պատվերով, կա՛մ թողտվությամբ։ Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործերը քննում է դիմումը ստանալուց հետո միջինը 7 – 10 տարում, ապա կարելի է փաստել, որ առնվազն 2008-ից սկսած ու մինչև 2018-ը տեղի ունեցած տարբեր խախտումներով Հայաստանի ներկայիս ու ապագա քաղաքական իշխանություններն են ստիպված լինելու ստանալ և ընդունել եվրոպական արդարադատության պողպատե հարվածները, թեև նրանք քաղաքական պատասխանատվություն չեն կրում նախկինում կատարված խախտումների համար։ Դրա ծիծեռնակներն արդեն կան։ Մասնավորապես, երկու տարի առաջ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրեց Երևանի փոքր կենտրոնի Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանին վճարել 1,6 միլիոն եվրո` փաստելով վերջինիս սեփականության և արդար դատաքննության իրավունքների խախտումը 2000-ականներին։ Նկատենք, որ վճարումը պետք է կատարի Փաշինյանի կառավարության բյուջեն՝ Քոչարյանի կառավարման տարիներին թույլ տրված խախտման համար։

Ներկայում էլ ՄԻԵԴ-ը շարունակում է Հայաստանի կառավարությանն ուղարկել իր կողմից վարույթ ընդունված գործերի ցանկը, որոնք տեսանելի ապագայում մեծ համակարգային խնդիրների առջև են կանգնեցնելու իշխող ուժին։ Մասնավորապես, «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը փաստում է, որ հնարավոր խախտումները տեղի են ունեցել 2012 – 2015 թթ․։ Վեճը վերաբերում է «Ամերիաբանկի» փոքր բաժնետիրոջ սեփականության և արդար դատաքննության իրավունքների հնարավոր խախտումներին։

Բացասական հնարավոր զարգացումները կանխելու համար, ըստ փորձագիտական շրջանակների, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փորձել է գույքագրել դատական համակարգում առկա հնարավոր խնդիրները և լուծել դրանք տեղում, որպեսզի դրանք ավելի ցավոտ կերպով «եվրոպաներից» չփլվեն հեղափոխական կառավարության գլխին ։

Չնայած նրա ջանքերին, դատական իշխանությունը շարունակում է ՄԻԵԴ-ի ցասումն արթնացնող իր գործելաոճը։ Ուսումնասիրելով դատական պրակտիկան (տե՛ս ԼԴ/0938/02/08, ԼԴ/0958/02/08, ԼԴ/0962/02/08 գործերը) պարզ է դառնում, որ մասնավորապես Թեղուտ և Շնող համայքների բնակիչների հողերի հարկադիր օտարման գործերով ՄԻԵԴ-ից ստացված որոշումները չեն սթափեցրել դատական իշխանությանը, և նրանք շարունակում են այդ համայնքների բնակիչներին համառորեն ուղղորդել դեպի ՄԻԵԴ։ Մնում է միայն ենթադրել, թե ինչու է այդպես վարվում հայկական Ֆեմիդան․, դա անգիտությո՞ւն է, թե՞ դիտավորություն։

Այսպիսով, մինչ մեր հասարակությունը սպասում է պողպատե մանդատին գործողության մեջ, նախկինից եկող արատավոր պրակտիկան շարունակում է արգելակել արդարադատության ոլորտի բարեփոխումներում հնարավոր ու տեսանելի ճեղքումը։ Մնում է հուսալ, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով պողպատե մուրճը կհաղթի դատավորական փայտե մուրճին, և արդարադատությունն ի վերջո կգործի, բայց իրավունքի տիրույթում։ 

Երեք տարվա վեթինգը վկա, ևս հինգ տարում դա հնարավոր է անել, սակայն, երևի թե, ոչ այն թիմակիցներով, որոնք 2018-2021 վեթինգախաբս տվեցին արդարություն տենչացող քաղաքացիներին: Ինչպես ասում էր բարձր դատարաններից մեկի նախագահը. «Իմ կյանքի օրոք չորս դատական ռեֆորմ եմ տեսել, հինգերորդն էլ թող լինի, դեմ չենք»: