Արայիկ Հարությունյան․ դրվագներ նախարարի գործունեությունից

Հուլիսի 1-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար դարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս այդ պաշտոնում փոխարինեց Արսեն Թորոսյանին, որն իր գործունեությունը կշարունակի խորհրդարանում՝ որպես պատգամավոր։ 

Արայիկ Հարությունյանը վարչապետի խորհրդական դարձավ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին։ Մինչ այդ նա կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարն էր և նշանակումից ի վեր հայտնվել էր բազմաթիվ քննադատությունների կիզակետում։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հարությունյանից հանրության սպասելիքները չափազանց մեծ էին՝ կրթական համակարգում բարեփոխումների պահանջարկով պայմանավորված։ ՍիվիլՆեթն ի մի է բերել Հարությունյանի քայլերը ԿԳՄՍ նախարար աշխատելու ընթացքում՝ կրթության ու գիտության ոլորտում։ 

Առաջին գործը, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնեց որպես նախարար, «Այբ»-ի և Արարատյան բակալավրիատ ծրագրի արդյունավետության ուսումնասիրությունն էր։ Հարությունյանը հայտարարեց՝ «չի աջակցելու էլիտար դպրոցներին, և տեր-մեսրոպներին գումարներ չեն փոխանցվելու»։ Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներից է։ Մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությունից հետո սկսվեց ֆինանսական աուդիտի գործընթաց։ Երկարուձիգ ուսումնասիրություններից հետո միայն այս տարվա հունվարի 15-ին պարզ դարձավ, որ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Այբ»-ի կողմից իրականացվող կրթության ազգային գերազանցության ծրագրից հափշտակություն կատարելու փաստի առթիվ։ Խոսքն ընդամենը 8,3 միլիոն դրամի մասին էր։ 

Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում խոշոր խնդիրներ առաջացան բուհերի ռեկտորների հետ և մինչ այժմ էլ դրանք շարունակվում են։ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռուբեն Հայրապետյանը։ Հետագայում նա պաշտոնանկ արվեց՝ ատենախոսական աշխատությունում գրագողության հիմքով, որ հայտնաբերել էր Բարձրագույն որակավորման կոմիտեն։ Դատարանն այնուհանդերձ գտավ, որ Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի ներկայացրած եզրակացությունը հիմնավոր չէ։ Չնայած այդ փաստին՝ Հայրապետյանը պաշտոնում չվերականգնվեց։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնաատար դարձավ Դիանա Գալոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմը։ Գալոյանը այժմ ԵՊՏՀ-ի ռեկտորն է։ 

Երևանի պետական համալսարանը ևս տևական ժամանակ ռեկտոր չունի։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն էր, որը հրաժարական ներկայացրեց։ Հրաժարական են ներկայացրել նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները։ 

Գրիշա Թամրազյանը հեղափոխությունից հետո նշանակվեց Արայիկ Հարությունյանի տեղակալ։ Հետագայում պարզվեց, որ նա մշակութի նախկին նախարար Արմեն Սմբատյանի ընտանիքի մտերիմներից է և անգամ բաժնեմաս ունի «Թիֆլիս» ՍՊԸ-ում, որն իր հերթին Երևանի Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականատեր ընկերություններից է։ ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման հետ կապված քրեական գործ կա հարուցված, իսկ Սմբատյանը մեղադրյալ է։ 

Արայիկ Հարությունյանը հակասություններ ունեցավ նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ։ Հակասությունը սկիզբ առավ այն ժամանակ, երբ ԲՈԿ նախկին նախագահը հայտարարեց, որ ԵՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են գրագողության փաստեր։ Գոգյանը հայտարարել էր, որ ըստ էության Գալոյանը շարունակում է պաշտոնավարել հովանավորչության՝ մասնավորապես Գրիշա Թամրազյանի հետ կապերի շնորհիվ։ Գոգյանի այս հայտարարությունները վերաճեցին նրա ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային վեճի, որի հետևանքով Գոգյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ 

ԿԳՄՍ-ի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ 2019-ին՝ բուհերում հայ գրականություն, հայոց պատմություն, հայոց լեզու առարկաների դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու որոշման պատճառով։ Արայիկ Հարությունյանի դեմ սկսվեցին բողոքի ակցիաներ՝ հիմնականում Դաշնակցության երիտասարդական թևի կողմից։ Հարությունյանը մեծ քննադատության արժանացավ նաև նոր հանրակրթական չափորոշիչների ներդրման համար։ 

Հարությունյանի օրոք կրթական համակարգի որևէ բարեփոխում չսկսվեց ու չավարտվեց։ Տարիներ շարունակ բարձրաձայնվում էին համալսարանների ուսանողական խորհուրդների՝ կուսակցականացված, մասնավորապես ՀՀԿ-ին սպասարկելու փաստեր, սակայն հեղափոխությունից հետո այս ուղղությամբ որևէ քայլ իշխանությունը չձեռնարկեց։ Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման հարցում ևս 2018-ից ի վեր էական փոփոխություններ չեղան և միայն  արցախյան վերջին պատերազմից հետո այս ուղղությամբ սկսվեցին որոշ քայլեր իրականացվել։ 

Մկրտիչ Կարապետյան