Ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները

Բացի «Հայաստան» դաշինքից, ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը վերաբերում է միայն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն, իսկ Փաստաբանների պալատի նախագահի գլխավորած «Զարթոնքը» պահանջում է անվավեր ճանաչել և ընտրությունների արդյունքները, և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ի որոշումները։

Այսօր Սահմանադրական դատարանը գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը։

Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար քաղաքական ուժերը կարող են Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնել մինչև հուլիսի 2-ը։ ՍԴ մամուլի քարտուղար հայտնում է, որ ժամը 16։15-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարել էր նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։

Մեկնաբանել