Բաքվի դատարանը վճիռներ է կայացրել հայ ռազմագերիների համար․ 12-ին՝ վեց ամսվա ազատազրկում, երկուսին՝ չորս տարվա

Հայ զինվորների գերեվարումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պետական դատախազը հանել է ահաբեկչության, սաբոտաժի և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքները 14 հայ մեղադրյալների (ռազմագերիների) վրայից, որոնց դատում էին Բաքվում:

Turan-ի՝ «Հայ ահաբեկիչները սահմանախախտ են եղել» վերնագրված հոդվածի համաձայն՝ դատավարության ընթացքում 14 ռազմագերիներից երկուսը՝ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը, չորս տարվա ազատազրկման են դատապարտվել, իսկ 12-ը՝ վեց ամսվա։ Այդ զինվորներն արդեն իրենց վեցամսյա ժամկետն անցկացրել են Ադրբեջանում, սակայն պարզ չէ, թե երբ և արդյոք նրանք կվերադարձվեն Հայաստան։

Այդ 14 ռազմագերիներն առաջինն էին, որոնց դատում էին Բաքվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Նրանք ավելի քան 60 հայ զինվորների շարքում գերի էին վերցվել Ղարաբաղում՝ արդեն նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Հադրութի շրջանի՝ հայկական կողմին մնացած հատվածում (Հին Թաղեր, Խծաբերդ) տեղի ունեցած միջադեպից հետո։

Հունիսի 25-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում լսումների ժամանակ դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել էր, որ նրանց սպառնում է 14-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն «ահաբեկչության, զենքի և պայթուցիկ նյութերի ձեռքբերման և պահպանման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և պետական սահմանը հատելու» մեղադրանքներով: Առայժմ պարզ չէ, թե ինչու են հանվել ավելի լուրջ մեղադրանքները։

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում շարունակվում է ևս երկու հայ ռազմագերիների գործով առանձին դատաքննությունը, որոնք մեղադրվում են 1990-ականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ կտտանքների և դաժան վերաբերմունքի մեջ:

Իսկ մոտ երկու շաբաթ առաջ լիբանանահայ Վիկեն Էյլեքջյանը, որը Շուշիում իր հարսնացուի ՝ Մարալ Նաջարյանի հետ գերեվարվել էր անցյալ տարվա նոյեմբերին, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանների գործունեության, ահաբեկչության և սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքով։ Նաջարյանը, որը նույնպես լիբանանահայ է, ազատ էր արձակվել մարտին։

Ադրբեջանի կողմից 200-ից ավելի հայ ռազմագերիների պահումն ուղղակիորեն հակասում է երկու կողմերի խոստումներին՝ «փոխանակել ռազմագերիներին, պատանդներին և ձերբակալված այլ անձանց, ինչպես նաև դիերը» , որը նախատեսում է նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանում պատերազմի ավարտից ի վեր առնվազն 19 հայ է սպանվել բանտարկության մեջ, հայտնում են հայ ռազմագերիների խումբը ներկայացնող փաստաբանները:

Սյուզաննա Պետրոսյան

Read the article in English.

Մեկնաբանել