Պուտինը Մակրոնին կոչ է արել ներգրավվել Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ի շարս այլ հարցերի, հիմնականում՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների, զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մնում է կայուն։ Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի սերտ ներգրավման անհրաժեշտությանը մարտական գործողություններից տուժած շրջանների բնակչության մարդասիրական խնդիրների լուծման համար: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշվում է Կրեմլի հաղոդրագրությունում: