Ինչո՞ւ Հայաստանը պարտվեց պատերազմում․ նոր զեկույցն անդրադառնում է պատճառներին և կարևորում փաստահավաք առաքելության ստեղծումը

Հայաստանից և Սփյուռքից անհատ հետազոտողների մի խումբ հարցաշար-զեկույց է պատրաստել, որը վերնագրված է

Հայաստանի պարտության պատճառները 2020-ի պատերազմում։ Հարցեր, որոնց պատասխանները կօգնեն կանխել ձախողման կրկնությունը։

Զեկույցը եռալեզու է՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն։

Causes of Armenia’s defeat in 2020․ Questions that need to be answered to avoid repetition of failure․ The urgency of a fact-finding commission
Причины поражения Армении в войне 2020 года․ Вопросы, ответы на которые помогут предотвратить повторение подобного провала․ Безотлагательная необходимость установления причинно-следственных связей

«Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումն Արցախի վրա ու հայկական կողմի պարտությունը չսասանեցին հայոց պետականությունը, սակայն մեծ տագնապներ են ծնել նրա երկարաժամկետ կենսունակության ու անգամ լինելիության առումով,- գրում են զեկույցի հեղինակները և հարցադրում անում։- Ինչո՞ւ էր պարտությունն այդքան ջախջախիչ, հուսաբեկ և (շատերի համար) անսպասելի: Մենք ապահովագրված չենք լինելու ապագա ձախողումներից քանի դեռ ամբողջապես և խորությամբ չենք պարզել ու յուրացրել այս հարցի պատասխանը և անցյալի մեր ռազմավարական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ժողովրդագրական, տնտեսական և մյուս աղետալի դասերը»։

Այս հարցաշար-զեկույցը պատրաստվել է՝ ելնելով պատերազմի պատճառների փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հրատապությունից։ Բարձրացված հարցերն անտեսելը կամ հետաձգելը կնշանակի համակերպվել այն վտանգի հետ, որ կախված է մնալու հայոց պետականության վրա։ Դա նույնքան սխալ կլինի, որքան որ էի՛ն պարտությանը հանգեցրած սխալները։

Փաստահավաք այդ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի խոհեմ, արդար ու պարկեշտ հանրային և պետական գործիչներից ու հետազոտողներից և օժտված լինի քննչական համապատասխան իրավասություններով, այդ թվում՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու, ուսումնասիրություններ իրականացնելու և վկաներին հարցաքննելու լիազորություններով: Այն պետք է ունենա կենսական ու թերևս գոյութենական կարևորության մանդատ՝ բարձրացնելու հարցեր և տալու պատասխաններ այս պարտությանը հանգեցրած կարճաժամկետ ու երկարաժամկետ, ներքին ու արտաքին, ինչպես նաև կառուցվածքային գործոնների ու տարատեսակ ներգործությունների վերաբերյալ։ Հանձնաժողովը, որտեղ և որքանով հնարավոր է, պետք է մշակի առաջարկություններ ապագայում նման աղետալի հետևանքներից խուսափելու համար։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ժողովուրդները հազվադեպ են դասեր սերտում ռազմական հաղթանակներից, սակայն պարտությունը կարող է արժեքավոր ուսուցիչ լինել, եթե հանրութունն ուժ և իմաստնություն ունի ուղիղ նայելու ճշմարտության աչքերին և դրանից օգուտ քաղելու: Փաստահավաք հանձնաժողովներ ստեղծվել են ԱՄՆ-ում Սեպտեմբերի 11-ից հետո և Ռուանդայում՝ ցեղասպանությունից հետո, որոնք կոչված էին բարձրացնելու հարցեր և պարզելու ճշմարտությունը՝ գտնելով պատասխաններ տեղի ունեցածի խորքային պատճառների վերաբերյալ։

Զեկույցում շարադրված են հարցեր, որոնցով կարող է զբաղվել փաստահավաք հանձնաժողովը՝ ճշմարտությունը հասկանալու և փաստերի իրատեսական վերլուծություն կատարելու հնարավորություն տալու համար՝ առանց կանխորոշված մեղադրանքների կամ եզրակացությունների: Եթե նման հանձնաժողով չստեղծվի, ապա հարցերի պատասխանները փորձելու են գտնել հետազոտողները իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում։

«Վերջիվերջո, դրսից փրկիչներ չեն գալու։ Խնդիրների որոնումն ու լուծումը պետք է տեղի ունենա երկրի ներսից»,- նշում են հեղինակները զեկույցի ներածական մասում։

Զեկույցն ըստ ժամանակագրության առանձնացրել է հարցադրումների երկու մեծ խումբ՝

Հարցեր 1994-ի մայիսից 2020-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ;

Հարցեր 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ։

Հեղինակների մասին

Զեկույցի հեղինակներն անհատ հետազոտողներ են Հայաստանից, Արցախից և Սփյուռքից՝

Սիմոն Սարաջյանը՝ Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ (առաջատար հեղինակ);

Սալբի Ղազարյանը՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ;

Արթուր Մարտիրոսյանը՝ Բելմոնթ, Մասաչուսեթս, ԱՄՆ / Երևան, Հայաստան;

Էմիլ Սանամյանը՝ Վաշինգտոն, ԱՄՆ;

Վիգէն Չըթըրեանը՝ Ժնև, Շվեյցարիա;

Սյուզաննա Պետրոսյանը՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ;

Կարեն Հարությունյանը՝ Երևան, Հայաստան;

Լեոնիդ Ներսիսյանը՝ Մոսկվա, Ռուսաստան;

Բենիամին Պողոսյանը՝ Երևան, Հայաստան;

Թևան Պողոսյանը՝ Երևան, Հայաստան / Ստեփանակերտ, Արցախ։

Զեկույցի վերաբերյալ նկատառումներ են ներկայացրել նաև պրոֆեսոր Սայմոն Փայասլյանը և Մայքլ Քոֆմանը, ինչպես նաև մեկ միջազգային հետազոտող և մեկ հետազոտող Հայաստանից, որոնք նախընտրել են մնալ անանուն:

Մեկնաբանել