ՀԱՊԿ-ում Հայաստանի հարավում իրավիճակը դիտարկում են սահմանային միջադեպ

Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի ընկնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում։ Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,- Զասի խոսքն է մեջբերում ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում։ «Սկզբունքորեն հիմա խոսել այն մասին, որ այժմ այնտեղ իրավիճակը ինչ-որ կերպ լարվում է, պետք չէ։ Իրավիճակը չի վատանում՝ արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանային խնդրի, այդ բոլոր վիճելի հարցերի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ մայիսին կազմակերպությանը Հայաստանի դիմումից հետո ՀԱՊԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, ես շփվել եմ և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկել ենք այդ իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում»,- ասել է նա։ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։ «Մշտադիտարկման խմբի ձևավորման մասին որոշում չի ընդունվել, թեև, իհարկե, իրավիճակը դիտարկման ներքո է»,- նշել է գլխավոր քարտուղարը: Կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից, հավելել է Զասը:

Մեկնաբանել