Եթե մեր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղում հայ պահելն է, նա պիտի մնա ու գործ անի․ արցախցի գործարար

Էրիկ Մկրտումյանը

Արցախցի գործարար Էրիկ Մկրտումյանը 2012-ին հիմնել է «Արցախբերրի» պահածոների գործարանը: Տարիների ընթացքում բիզնեսը զարգացել է, և ընկերությունը սկսել է արտադրել մրգային օղիներ ու մեղր: Պահածոների արտադրանքի ծավալով «Արցախբերրի»-ն երրորդն է՝ իր տեղը զիջելով «Արցախֆրութ» և «Արցախբիո» ընկերություններին: 2016 թվականին «Արցախբերրի»-ն մոտ 150 հազար դոլարի արտահանում է կատարել ԱՄՆ, մոտ 70 հազար դոլարի պայմանագիր է ունեցել Լիբանանում, որտեղ այդ թվականին նույնպես պատերազմ է սկսվել: Պատերազմից հետո գործարանը չի աշխատում: ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Էրիկ Մկրտումյանի հետ բիզնեսի առաջ ծառացած խնդիրների շուրջ։

Պահածոներ, մրգային օղիներ, մեղր

Նկատակն այն էր, որ Ղարաբաղում ինչքան բարիք կա, կարողանանք մշակել՝ և այստեղ վաճառելով, և արտահանելով: 2015 թվականին Ծմակահող գյուղում մրգային օղիների արտադրություն ենք դրել։ Նպատակը նույնն էր՝ կարողանանք գյուղը մի քիչ աշխուժացնել, մի քանի աշխատատեղ ստեղծել: Բացի այդ, գյուղում նաև մի քանի հյուրատուն ենք կառուցել, որ զբոսաշրջիկների հոսքի դեպքում կարողանան գյուղում մնալ:

2018 թվականին էլ հատուկ ծրագիր ենք գրել մեղվաբուծությունը զարգացնելու համար: Խոսքը արդյունաբերական մեղվաբուծության մասին է: Մի փոքր այլ բան է: Ո՞նց էինք աշխատում. մենք ամեն-ամեն ինչ տրամադրում էինք գյուղացիներին՝ փեթակներից մինչև շրջանակներ, մոմաթերթիկներ, նույնիսկ՝ դեղեր: Հետո մեր աշխատակիցները հետևում էին գործընթացին: Նույն մեղրը գյուղացիներից գնում էինք ու տեղավորում տարաներում:

Պատերազմը

Ուղարկում էինք տարբեր երկրներ: Պահածոները նույնիսկ ԱՄՆ էինք հասցնում, Բելգիա: Լիբանան էինք ուղարկում: Մասնակցում էինք տարբեր ցուցահանդեսների: Պատերազմից հետո ամեն ոլորտում իր խնդիրն է առաջացել: Օրինակ, 2020 թվականին պայմանագրեր ունեինք, որ պիտի իրականացնեինք, Ռուսաստան պիտի ուղարկեինք: Սկսվել է պատերազմը, մենք ահագին արտադրանք չեն կարողացել ստանալ: 24 ապրանքատեսակ ունեինք:

Շուշիի մի զորամաս մեր պահեստներում է եղել, ապրանքներ են պակասել: Ահագին ապրանք բաժանել ենք բանակին, փախստականներին: Զուտ բարեգործություն էր:

Համար մեկ խնդիրը այսօր՝ ֆինանսները

Հիմնական պատճառը ֆինանսներն են այսօրվա դրությամբ: Մենք ժամանակին օգտվում էինք նաև վարկային միջոցներից, օգտվել ենք ներդրումային և գյուղի հիմնադրամներից: Բացի այդ, բանկից էլ ենք օգտվել: Ես դիմել եմ երկու հիմնադրամների, որ ելնելով այս վիճակից՝ պայմանագրերը, որ կնքել ենք, վերանայվեն։

Գրել եմ բիզնես-ծրագիր, որտեղ նշել եմ արտադրանքի ծավալների մասին: Օրինակ, մեղրի մասին գրել եմ, որ տարեկան ես պիտի արտադրեմ 10 տոննայից ավել՝ իմ վարկը սպասարկելու համար: Հիմա չեմ կարողանում այդ քանակները ապահովել, չեմ կարողանում պայմանագրով նշած պարտականություններս կատարել:

Որպեսզի մարդիկ այստեղ ապրեն, պիտի աշխատավայրեր լինեն

Ինչ վերաբերում է կազմակերպություններին՝ որևէ աջակցություն չկա: Ես տեղյակ չեմ, դիմել եմ, եթե լիներ՝ կիմանայի: Կարող է ֆիզիկական անձանց աջակցում են, բայց դիմել եմ երկու հիմնադրամներին ու ոչ մի աջակցություն չեմ ստացել: Իմ կարծիքով՝ Ղարաբաղում շատ դժվար է լինելու բիզնես անելը:

Պետությունը ինչի՞ համար է․ որ դժվար ժամանակներում օգնի տնտեսությունը ոտքի կագնեցնելու: Դեմ եմ, որ պետությունը անձերին առանձին-առանձին աջակցի: Առաջին խնդիրներից մեկը Ղարաբաղում մարդկանց պահելն է:

68 հազարներ են բաժանում և այլ ծրագրեր իրականացնում, բայց գալիս է մի պահ, որ էլ չէս կարողանալու տրամադրել: Շատ մեծ գումարներ են: Որպեսզի մարդիկ այստեղ ապրեն, պիտի աշխատավայրեր լինեն: Լավ ժամանակներում մեզ մոտ աշխատում էր 40-45 հոգի մարդ: Հիմա աշխատող չունենք, գործ չենք անում: «Արցախֆրութ»-ը հնարավորություն ունի մինչև 100 աշխատակից ունենալ, նույնը «Արցախբիո»-ն, բայց իմ իմանալով՝ եթե 10 մարդ աշխատի այնտեղ ասյօր, գերազանց է: Եթե մեր համար մեկ խնդիրը Ղարաբաղում հայ պահելն է, ապա այդ հայը պիտի մնա ու գործ անի: Այստեղ ամենամեծ դերը պիտի պետությունը խաղա: Այսօր այստեղ ոչ մի գործարար ներդրում չի անելու:

Այդ 100 հոգին եթե աշխատեն գործարաններում, 68 հազար չէ, ավելի շատ կստանան

«68 հազարների» ընդհանուր գումարը կազմում է 7 միլիարդ 500 միլիոն դրամ փող: Ամսական: Դա մոտավորապես 15 միլիոն դոլար է: Եթե այս գումարը այդ նպատակների համար գնա, այդ 100 հոգին աշխատեն գործարաններում, 68 հազար չէ, ավելի շատ կստանան: Մի նուրբ բան էլ կա. դա միայն գործարանը չէ։ Մի չորս օր առաջ ինձ զանգում է սիրիահայ Հովիկը ու ասում. «Խնդրում եմ, Էրիկ, թարսի պես էս տարի բերքս էնքան շատ է, չգիտեմ որտեղ հանձնեմ»: Ասում եմ՝ Հովիկ ջան, բա ես չեմ աշխատում:

Մի ամբողջ շղթա է: Գյուղացին ինչ-որ մի բան է արտադրում, բերք ունի, պիտի հանձնի գործարանին, գործարանը պիտի վերամշակի ու Ղարաբաղից հանի՝ ծախելու ու նորից այդ գումարը Ղարաբաղ հասցնելու: Եթե այս շղթայից մեկը չի աշխատում, այս դեպքում՝ գործարանը, ոչ գյուղացին է կարողանում իր ապրանքը վաճառել, ոչ էլ դրսից փող է մտնում Ղարաբաղ:

800 փեթակից մնացել է 150-ը

Մեղվաբուծության համար մենք մոտավորապես 350 միլիոն գումար ենք ներդրել 2017-20 թվականներին: Մենք գործարան ունենք Վանք գյուղում, նման գործարան ոչ Հայաստանում կա, ոչ էլ Վրաստանում: Հատուկ մեղրի համար՝ ամենավերջին սարքավորուներով:

Ղարաբաղում մեղվաբուծությունից եթե ուզում ես լավ բերք ստանալ, պիտի այն շարժական լինի: Ապրիլին սկսում ես ներքևի գոտուց, օրինակ, Աղդամում տաք է լինում, հետո վերևի գոտիները՝ Քարվաճառ: Դրանք ամենաիդեալական տարածքներն են մեղվաբուծության համար: Այսօր դրանք չկան: Մինչև պատերազմը 800 փեթակ ունեինք, այսօր մեզ մնացել է մոտ 150 փեթակ: Ռմբակոծությունից էլ են տուժել, փեթակ կա՝ բացում ես, մեջը մեղու չկա:

Անպարտաճանաչների հարկերը ջրել են, իսկ վճարողներին՝ ոչ մի բան

Բոլոր դռները ծեծել եմ, մինչև Հայաստանի էկոնոմիկայի նախարար գնացել եմ, վիճակը բացատրել եմ: Այստեղ սկսած Խանումյան Հայկից՝ Հիմնադրամի տնօրենների հետ հարցը քննարկել եմ:

Հուսով եմ, որ գալու է մի պահ, ու մարդիկ հասկանալու են, որ պետք է դա անել: Ճիշտն ասած, այստեղ ինչ խոսում ես, մի բան են ասում՝ Արայիկի մոտ գնացեք, 1հարց լուծողը ինքն է»: Ես էլ չեմ ուզում գնալ, չեմ հասկանում՝ ինչի՞ համար գնալ:

2018 թվականին «Փոքր և միջին բիզնեսի զարգացման» ասոցիացիա ենք ստեղծել, ես եմ ղեկավարում: 2019 թվականին որպես լավագույն հարկատու՝ ինձ ու մեր տղերքին պատվոգիր են տվել: Պատերազմից հետո օրենք են հանել՝ ով մինչև տասը միլիոն հարկը չի վճարել, ջրում են: Այսինքն՝ ով անպարտաճանաչ էր, նրանց հարկերը ջրել են, իսկ վճարողներին՝ ոչ մի բան: Ճիշտ չէ, մի բան էլ պարտաճանաչին պիտի տաս, որ այդ մարդը շարունակի աշխատել:

Պետությունը նրա համար է, որ դժվար ժամակներում օգնի

Ֆրանկոֆոնիայի կենտրոն է բացվել օրերս, այնտեղ մի ֆրանսիահայ կա՝ Գրեգը: Օրեր առաջ հանդիպել եմ նրա հետ, մինչև այդ էլ խոսել ենք ներդրումների մասին: Գրեգը ասում է՝ «Էրիկ, մարդիկ վախում են գալ Արցախ ու ներդնում անել»: Բացի դրանից, Երևանից Ղարաբաղ գալու համար տասը օր միայն թույլտվություն են տվել, որ կարողանա մտնի Արցախ: Օրինակ, մի միլիոն դոլարի ներդրում եմ արել, բայց չես կարողանում գալ Ղարաբաղ ու տիրություն անել մի միլիոն դոլարիդ:

Պետությունը ինչի՞ համար է: Պետությունը նրա համար է, որ դժվար ժամանակներում օգնի գործարարներին ու տնտեսությանը:

Այսինքն՝ արդեն առանձնացել ենք

Վերջերս Գյումրիում Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպում է եղել, ծրագիր ունեն, կոչվում է՝ «Ապագա հայկականը»: 15 կետից է բաղկացած, 4-րդ կետը «Ազատ Արցախ» է կոչվում: Նստած ենք, բարձր-բարձր ու սիրուն-սիրուն խոսքեր են ասում: Նա ասել է, որ պիտի անկեղծ լինենք, վիճակն է ստիպում: Երբ դուրս եկանք, ասում եմ՝ «Ղարաբաղից եմ, Ձեզ մի հարց ունեմ»: Մինչ այդ էլ ասում էր, որ քաղաքականության մեջ չենք խառնվում:

Ասում եմ՝ «Ռուբեն Կառլենովիչ, 2020 թվականի ընտրություններին Դուք հոլովակ եք հանել, որտեղ ասել եք՝ էսինչ թեկնածուին աջակցում եք, ու իր ընտրվելու դեպքում ներդրումներ եք անելու Արցախում: Ասում եմ՝ ընտրվել է, ճիշտ է, պատերազմ է եղել, բայց միակ ու առաջին բանկը որ Արցախից միանգամից դուրս է եկել, Ձերն է: Ասում եմ՝ դա ի՞նչ է նշանակում, այսինքն Դուք մտածում եք, որ Արցախում բիզնես անելը իմաստ չունի՞, միայն պիտի սոցիալական ծրագրե՞րը առաջ գնան: Նա խելոք մարդ է, դուր են գալիս իր մտքերը: Բացատրում է նրանով, որ դուրս գալը կապված էր Եվրոբանկի թե Կենտրոնական բանկի ստիպելու հետ: Ինչո՞ւ են միայն նրանց բանկին ստիպում, դե չեմ խորացել:

Վարդանյանը բիզնեսի մասին հետևյալն է ասել. Ղարաբաղում գործարարները պիտի պատրաստ լինեն մեծ մասը իրենց շահույթի վճարել անվտանգությանը: Շատ վատ բան է ասել: Ասում է՝ Ղարաբաղում աշխատող գործարարները: Այսինքն՝ Հայաստանի գործարարը Արցախի անվտանգության հետ կապ չունի: Այսինքն՝ արդեն առանձնացել ենք: Բացի այդ, Ղարաբաղում գործարարը ի՞նչ շահույթ պիտի ունենա, որ մի հատ էլ անվտանգության հարց կարողանա լուծել:

Կյանքում մի անգամ մեր գյուղը որոշել են ասֆալտապատել, բայց դա ինձ չի ուրախացրել

Այս վիճակից կոտրվել ենք, որովհետև շատ բան ունենք արած: Մի անգամ, որ Ծմակահողում լինենք, կտեսնեք, մեծ գումարներ ենք ծախսել: Ինչո՞ւ եմ ասում այսքանը: Պատերազմում մեր գյուղից երեք տղա է զոհվել, երկուսը՝ ջահել, մեկն էլ բարեկամս՝ իմ տարիքի: Մենք որ մեր գործը անում էինք, Ծմակահողում ինչ-որ բան էինք ստեղծում, մտածում էինք՝ հարկ ենք մուծում, աշխատատեղ ենք ստեղծում, գյուղացին օգտվելու է, դրսից մարդ է գալու: Այսինքն՝ մենք անում ենք մեր գործը, մեր հետևում էլ՝ մարդիկ անում են իրենց գործը: Բանակ էին պահում, ասում էին՝ լավագույններից լավագույնն է, նորմալ ղեկավարներ ունենք տարբեր ոլորտներում: Պարզվել է, որ մեր արածը պետք չէր: Ավելի լավ էր այդ գումարները ծախսեինք, մեր գյուղի համար գիշերային տեսողության սարք, վրաններ, զրահաբաճկոններ առնեինք: Մեզ պիտի ասեին՝ այս ուղղությամբ պիտի աշխատենք:

Եվ այսօր Ստեփանակերտից Ասկերան իդեալական ասֆալտ են անում: Կյանքում մի անգամ մեր գյուղը որոշել են ասֆալտապատել, բայց դրանից չեմ ուրախանում: Դրա ժամանակը չէ: Լուսավորությունը ճամփեքի… (բարկանում է:) Սահմանամերձ գյուղեր են, բայց լուսավորության մասին են մտածում:

Ամենավատը այն է, որ այսօր ով մի փոքր հնարավորություն ունենա՝ հեռանալու է: Ֆեյսբուքը բացում ես՝ «վաճառվում է բնակարան», «վաճառվում է տարածք»: Գործարաներն էլ են ցանկանում տեղափոխվել: Եթե պետությունը չվերցնի իր ձեռքը, ամեն ինչ ավարտվելու է:

Զրուցեց Հայկ Ղազարյանը

Մեկնաբանել