Հայաստանը ԵՄ-ից 1,6 մլրդ եվրո կստանա հինգ ուղղությունների համար

Մարկ Դովիչ

Եվրոպական Միությունը Հայաստանին կհատկացնի մինչև 1,6 մլրդ եվրո կամ մոտ 1,9 մլրդ դոլար՝ որպես օգնություն հաջորդ հինգ տարիների ընթացքում, ասվում է հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի հրապարակած աշխատանքային փաստաթղթում: «Վերականգնում, կայունություն և բարեփոխումներ» խորագրով ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում միլիարդավոր եվրոներ կհատկացնի Հայաստանի և հետխորհրդային հինգ այլ երկրների համար:

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ծրագիրն «ամրապնդվում է 2,3 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանով [մոտ 2,7 միլիարդ դոլար]․․․ մինչև 17 միլիարդ եվրո [մոտ 20 միլիարդ դոլար] հավաքագրելու հնարավորությամբ՝ պետական և մասնավոր ներդրումների համար»։

Օգնության առաջարկը բխում է ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունից, որը միավորում է ԵՄ-ին և նրա 27 անդամ պետություններին հետխորհրդային վեց հանրապետությունների հետ՝ մասնակից երկրների միջև «քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման և խորացման» նպատակով: Արևելյան գործընկերությունը պաշտոնապես ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Բելառուսը, սակայն, անցյալ ամիս հայտարարել է, որ կդադարեցնի իր մասնակցությունը նախաձեռնությանը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Բրյուսելը խիստ պատժամիջոցներ սահմանեց Մինսկի նկատմամբ:

Ծրագրի համաձայն՝ Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված մինչև 8,7 մլրդ դոլարի չափով օգնության ընդհանուր գումարից մոտ 1,9 մլրդ դոլար նախատեսված է Հայաստանում հինգ նախագծերի համար: Այսօրվա դրությամբ, Հայաստանում ամենաթանկ նախաձեռնությունը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու անավարտ նախագծի վրա հետագա աշխատանքը, որը կոչված է Վրաստանը և Իրանը կապել Հայաստանի տարածքով՝ ծրագրի 712 մլն դոլար գնահատված արժեքով:

ԵՄ-ն նաև խոստացել է մոտ 593 մլն դոլար հատկացնել Հայաստանում 30 000 փոքր և միջին ձեռնարկությունների ուղղակի աջակցության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական ձեռնարկություններին և կանանց պատկանող ձեռնարկություններին: Ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանին ևս կտրամադրի 356 մլն դոլար էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական ստարտափների ծրագրերում ներդրումներ կատարելու և 142 մլն դոլար՝ Քաղաքային կայուն զարգացման պրակտիկան խթանելու միջոցով Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն նպաստելու համար:

Վերջապես, Բրյուսելը գրեթե 95 միլիոն դոլար է հատկացնում Սյունիքի մարզի համար, որը հատկապես տուժել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Համաձայն ԵՄ օգնության ծրագրի՝ Սյունիքում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան և աջակցությունը տեղական ՓՄՁ-ներին:

Եթե ԵՄ-ն հինգ տարվա ընթացքում վերոնշյալ 1,9 մլրդ դոլարի ներդրումները Հայաստանում կատարի տարեկան համաչափությամբ՝ ԵՄ-ի ամենամյա օգնությունը Հայաստանին կկազմի երկրի ՀՆԱ-ի ավելի քան երեք տոկոսը (ըստ Համաշխարհային բանկի տվյալների):

Արևելյան գործընկերության բոլոր երկրներից Հայաստանից ավելի շատ ֆինանսավորում կստանան Ուկրաինան (մոտ 2,3 մլրդ դոլար) և Մոլդովան (մոտ 1,94 մլրդ դոլար) հինգ տարվա ընթացքում։ Օգնության պլանի մյուս ծայրում Ադրբեջանն է, որը, ինչպես սպասվում է, ԵՄ-ից կստանա ընդամենը 166 մլն դոլար առաջիկա հինգ տարիներին: Արևելյան գործընկերության Հայաստանի մյուս հարևանը՝ Վրաստանը, կստանա մոտ 1,4 մլրդ դոլար նույն ժամանակահատվածում։

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ծրագրում է իր առաջին պաշտոնական այցը կատարել Հարավային Կովկասի երեք երկրներ հուլիսի 6-ից 9-ը: Հայաստանում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանձնակատարը ողջունել է օգնության ծրագիրը՝ այն անվանելով «հավակնոտ տնտեսական և ներդրումային ծրագիր, որը կօգնի խթանել աշխատատեղերն ու աճը և բարգավաճում բերել» տարածաշրջանին:

* Հոդվածում եվրոյով գումարները փոխակերպված են ԱՄՆ դոլարի հեղինակի կողմից։

Read the article in English

Մեկնաբանել