Ինչպես ընդունվեց առաջին Սահմանադրությունը․ Վազգեն Սարգսյանի «վախերը», Վանոն ու քարոզարշավը

Հայաստանի առաջին սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին։ Մինչ այդ երկրում բորբոքվում էին քաղաքական կրքերը։ ՍիվիլՆեթը Հայաստանի ազգային գրադարանում ընթերցել է այդ օրերի մամուլը և ներկայացնում է դրվագներ, թե ինչ էին խոսում ժամանակին նոր Սահմանադրության մասին։

1995-ի հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեի օրը նաև Ազգային ժողովի ընտրություններն էին նշանակված։ Սահմանադրության վրա աշխատող Ազգային ժողովը, որը դեռ կոչվում էր Գերագույն խորհուրդ, այնքան էր զբաղված նախընտրական քարոզարշավով, որ անգամ ժամանակ չէր գտնում մասնակցելու մայր օրենքի մշակման աշխատանքներին։

«Մայիսի 5-ին ՀՀ ԳԽ-ն աշխատանքը սկսեց մոտ երեք ժամ ուշացումով՝ պատգամավորների անբավարար մասնակցության պատճառով։ Հավանաբար, հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ այդ օրը սկսվել էր ԱԺ պատգամավորության թեկնածուների առաջադրումը մեծամասնական ընտրական համակարգով»,- 1995-ին գրում էր «Ազգ»-ը։ Թերթի մեկ այլ համարում կարդում ենք. «Այսօր շարունակվում է նախագծի քննարկումը։ Այն ու հատկապես հարցուպատասխանները ցույց են տալիս, թե պատգամավորները, թերևս, վերջին անգամ են օգտագործում իրենց ընձեռված լայն հնարավորոթյունը նախընտրական քարոզչություն ծավալելու համար»։

Սամանադրության նախագծի մասին գովեստով էր խոսում Վազգեն Սարգսյանը. «Այս նախագիծը միանշանակ ժողովրդավարական Սահմանադրության նախագիծ է։ Սա ավելին է, քան ժողովրդավարականը,- «Հայք» թերթին ասել էր նա՝ նշելով։- Ես նույնիսկ վախենում եմ այլ բանից՝ հանկարծ մենք ավելի կաթոլիկ չլինենք, քան Պապն ինքը։ Մեզնից շատ ավելի հեռավոր ժողովրդավարական կենսագրություն ունեցող պետությունները իրենց Սահմանադրության մեջ ավելի կոշտ դիրքորոշում ունեն, քան մենք»։

«Կարելի էր մի քանի տարի էլ ապրել առանց Սահմանադրության»,- ասում էր Վանո Սիրադեյանը, սակայն նպատակահարմար էր համարում ընդունել Սահմանադրության նախագիծը։ Նա նաև պատասխանում էր ընդդիմության այն մեղադրանքներին, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ստեղծել բռնապետական ռեժիմ։ «Սահմանադրության այս նախագիծը նույնիսկ շատ ժողովրդավարական է։ Երբ խոսվում է բռնապետության մասին, ես ոչ մեկին չեմ մեղադրում, հասկանում եմ բոլորին. պետություն չունեցող ժողովուրդ ենք և չգիտենք՝ ինչ բան է պետությունը»,- նշում էր Սիրադեղյանը («Հայք», 1995-ի մայիսի 13-ի համար)։

Գերագույն խորհրդի պատգամավոր Խաչիկ Սաֆարյանն էլ ասում էր, որ «շատ ավելի վատ է պետություն կառուցել առանց Սահմանադրության, քան մի Սահմանադրությամբ, որն անգամ որոշ թերություններ ունի»։

«Ազգ» օրաթերթի սյունակագիր Արիս Ղազինյանը «Սահմանադրությունն ընդդեմ Սահմանադրության» գլխագրով նյութում գրում էր. «Չփորձելով նսեմացնել ՀՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը, այնուամենայնիվ, հարկ է ընդունել, որ ամեն դեպքում Սահմանադրության հանրաքվեի արդյուքներն ավելի բախտորոշ են լինելու մեր երկրի համար։ «Համուրաբիի օրենքների» ուժով հնարավոր կդառնա ոչ միայն լուծարել անհնազանդ խորհրդարանը, այլ նաև գործնականում երաշխավորել ցանկացած նախագահի ամենաչնչին մտահաղացումը»։

Ընդդիմությունն անընդհատ քննադատում էր իշխանությանը Սահմանադրության նախագծի համար՝ պնդելով, օրինակ, որ «նախագահական համակարգը ինքնին կարող է հանգեցնել բռնապետության»։

Սահմանադրությանը հատկապես դեմ էին կոմունիստները, օրինակ՝ հանրաքվեից հետո ԱԺ պատգամավոր, Կոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը պնդում էր, թե «բոլոր հիմքերը կան ասելու, թե «ԱՅՈ»-ների թիվն արհեստականորեն ավելացվել է գրեթե երկու անգամ, «ՈՉ»-երի թիվը՝ պակասեցվել 1,5 անգամ»։

Այդ տարիներին մամուլի որոշ ներկայացուցիչներ վստահեցնում էին, որ Սահմանադրությունը «նախևառաջ կդառնա կարևոր կայունացող գործոն»։ «Առավոտ» թերթը գրում էր՝ «Սահմանադրությունը ժողովրդի կամքի արտահայտությունն է»։ Փաստաբաններից ոմանք էլ պնդում էին, թե «Սահմանադրության ընդունումով կվերացվի նաև դատական քաշքշուկը» [որն առ այսօր չի վերացել]։

«Հայք» թերթը Սահմանադրության ամենաակտիվ լուսաբանողներից էր: Ամեն շաբաթ այս պարբերականի էջերում կարելի է տեսնել մայր օրենքի մասին վերլուծություններ ու քաղաքական տարբեր գործիչների պարզաբանումներ։ Թերթը պարբերաբար ներկայացնում էր իրավաբանների կարծիքը Սահմանադրության այս կամ այն հոդվածի վերաբերյալ։

Մամուլի էջերից խոսում էր նաև շարքային քաղաքացին։ Օրինակ՝ «Հայք» թերթը գրում էր, որ «Սահմանադրությանը «այո» են պատրաստվում ասել նաև Վանաձորի հրշեջները»։ Ըստ թերթի՝ նրանք ակտիվ պատրաստվում են մասնակցել հանրաքվեին։

«Հայաստաբնի Հանրապետություն» թերթն էլ մեջբերում էր, իր բնորոշմամբ, «ջղային մի անցորդի խոսքը, որ չի ցանկացել ներկայանալ»։ Այդ անցորդը պնդում էր, որ մինչև այդ գործել են նորմեր ու կանոններ, և չի կարելի նման հրատապ ձևով նորը ձևավորել։ Այս թերթի էջում ներկայացվում էր սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկը՝ «ՈՉ»-ը միշտ ջնջած։

Մամուլում կարելի է հանդիպել նաև պաթոսախառն վերնագրեր՝ «Սահմանադրությունը՝ մեր ժողովրդի հավերժական ուղեկից», «Երկիրը չի կարող գոյություն ունենալ առանց սահմանադրության», «ՀՀ Սահմանադրությունը՝ որպես հայոց պետականության ամրապնդման երաշխիք»։

Սահմանադրական հանրաքվեի արդյունքները թերթերն ազդարարեցին իրենց առաջին էջերում։ «Ժողովուրդն ասաց՝ ԱՅՈ՛». հանրաքվեից հետո գրում էր «Առավոտը»՝ ներկայացնելով պաշտոնական տվյալները։

Մեկնաբանել