Արմեն Գրիգորյանը Զասի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել նրա հայտարարության առնչությամբ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել նրա հայտարարության առնչությամբ։

Հուլիսի 3-ին Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե «Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի ընկնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ»։

Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

«Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ կառավարությանը ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ:

Այնուհետև իմ մտահոգությունն եմ հայտնել ս.թ. հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

Համոզմունք եմ հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, ևս մեկ անգամ շեշտել եմ, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին ընդգծել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց»:

Մեկնաբանել