Կրթության ոլորտի պաշտոնատար անձը դիմորդի մորից 3 000 դոլար կաշառք է վերցրել․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: ԱԱԾ հաղորդագրությունում ասվում է, որ կրթության ոլորտի պաշտոնատար անձը դիմորդի մորից պահանջել է 3 000 դոլար կաշառք՝ «Օտար լեզու» առարկայի թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու պայմանով։

««Գնահատման և թեստավորման կենտրոնի» պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի քննական թեստերի համահեղինակ, քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն, այն է՝ «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 000 դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից հայտնում են, որ կրթության ոլորտի պաշտոնատար անձը հուլիսի 1-ին այցելել է դիմորդի մոր՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3 000 դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ կաշառք ստացած պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել»,- տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը։

Մեկնաբանել