Կառավարության «ոչ թափանցիկ» նախաձեռնությունը․ տեղեկատվական կարևոր բազաներ կարող են փակվել

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության, որոշել է փակել մեկ անձից կատարվող գնումների, ինչպես նաև պաշտոնյաների գործուղումների մասին տեղեկատվությունը։ Նախագիծը տեղադրվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։

Մեկ անձից կատարվող գնումները որպես կանոն պարունակում են կոռուպցիոն ռիսկ։ e-gov.am-ում պարբերաբար մեկ անձից կատարվող գնումների մասին տեղեկատվությունը թարմացվում է։ Ըստ e-draft հարթակում տեղադրված որոշման նախագծի՝ ԱԱԾ-ն ու ԲՏԱ նախարարությունը «մեկ անձից կատարված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագումը, ամբողջական պայմանագրի պատճենը» և առաջարկում են այդ տվյալն ամբողջությամբ հեռացնել e-gov․am-ից։ Մեկ անձից գնման պայմանագրերը, բացի e-gov-ից, տեղադրվում են նաև ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի Armeps.am կայքում։ Ենթադրաբար, e-gov-ից մեկ անձանցից կատարված գնումների տեղեկատվության հեռացումից հետո այս տեղեկատվությունը Armeps-ից ևս կհեռացվի։

Պետական գնումների մոնիտորինգով զբաղվող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՍիվիլՆեթին ասում է՝ որոշման նախագիծը կասկածելի է ու ռիսկային։ «Սա թափանցիկության լուրջ խնդիրներ է ստեղծելու, սա ինֆորմացիայի սահմանափակում է։ Ես չեմ կարծում, թե մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր գնումները ռիսկային են կամ անվտանգության խնդիրներ են պարունակում։ Այդպիսի գնումները առանց այն էլ փակ են»,- նշում է նա ու առաջարկում՝ եթե հակառակորդի կողմից տեղեկատվության վերլուծություն թույլ չտալու խնդիր է լուծվելու այս որոշմամբ, ապա ավելի տրամաբանական է հակառակորդ երկրների համար ուղղակի փակել այդ տվյալների հասանելիությունը։

Բացի սա, կառավարությունն առաջարկում է արգելափակել պաշտոնյաների գործուղումների մասին տեղեկատվությունը ինչպես e-gov-ում, այնպես էլ gotravel.am-ում։ Այս կայքը հնարավորություն է տալիս տեղեկանալ, թե պետական մարմինները ինչ գործողումների են մեկնել, քանի ավիատոմս են ձեռք բերել և ինչ ուղղություններով, իսկ e-gov-ում հրապարակվում էր գործուղումից վերադառալնալուց հետո պաշտոնյայի հաշվետվությունը։

Այժմ, սակայն, ԱԱԾ-ն ու ԲՏԱ նախարարությունը համարում են, որ գործուղման ժամանակ արտերկրի պաշոնյաների հետ հանդիպումների ու քննարկված հարցերի մասին տեղեկատվությունը զգայուն է ու պետք է արգելափակվի։ Լրագրողները նշված տեղեկատվությունը կարող են ստանալ, երբ պաշտոնական հարցումով դիմեն համապատասխան գերատեսչությանը։

Պաշտոնյաների գործուղումների տեղեկատվության թափանցիկությունը, ինչպես նաև e-gov-ը ստեղծվել են Բաց կառավարման գործընկերության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության շրջանակում։ Երրորդ գործողության ծրագիրը վերաբերում էր հենց պաշտոնյաների գործուղումներին, և Հայաստանը պարտավորվել էր այդ տեղեկատվությունը հասանելի դարձնել։ Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ որոշման նախագծերով կառավարությունը իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու ուղղությամբ է շարժվում։

Տեղեկատվության երրորդ բլոկը, որ առաջարկվում է սահմանափակել, egov.am-ի ռեեստրների ու ցանկերի համակարգում առկա օգտակար հանածոների, ստորերկրյա ջրերի արդյունահանման, ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրերի մասին տեղեկատվությունն է։

Այլ կերպ ասած՝ կառավարությունն առաջարկում է e-gov-ից հանել ընդերքօգտագործման մասին տեղեկությունները։ Կայքի այս բաժինը 2017-ից ի վեր չի թարմացվել, չի թարմացվում նաև 2020- ի ինտերակտիվ բյուջեի համակարգը։

2016-ին խորհրդարանը փոփոխություններ կատարեց «Գնումների մասին» օրենքում, որը ենթադրում էր արարողակարգային ծախսերի գաղտնիացում։ Այդ օրենսդրական նախաձեռնությանը հետևել էին մի շարք աղմկահարույց հրապարակումներ արարողակարգային գնումների՝ մեկ անձից գնման ընթացակարգի վերաբերյալ։ Ինչպես վերը նշված որոշման դեպքում, սա ևս համարվում էր անվտանգության ապահովմանն ուղղված քայլ։ Հեղափոխությունից հետո արարողակարգային ծախսերի մասին ինֆորմացիան այդպես էլ չբացվեց։

Մկրտիչ Կարապետյան