Չորացող Ճոճկան․ հնացած պոմպակայաններով՝ ընդդեմ գլոբալ տաքացման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս կառավարության նիստում հայտարարեց, որ հունիսյան աննախադեպ շոգերով և բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ լուրջ խնդիրներ են առաջացել գյուղական բնակավայրերի ջրօգտագործման և ոռոգման ջրի առումով: Փաշինյանի համոզմամբ՝ ավանդական ոռոգումը՝ որպես այդպիսին, ապագա չունի, և երկրի գյուղատնտեսությունը պետք է անցնի ոռոգման կաթիլային համակարգի:

Ճոճկանի հողերը չորանում են

Ճոճկան գյուղը մտնում է Ախթալա խոշորացված համայնքի մեջ: Համայնքապետ Արկադի Թամազյանի խոսքով՝ Ճոճկանի 1 000 հա վարելահողերից մշակվում և ոռոգվում է 500-ը: Մնացած 500 հա վարելահողերը օգտագործվում են որպես խոտհարքներ, ցանվում է ցորեն, եգիպտացորեն և առվույտ: Համայնքապետը ոռոգման կաթիլային համակարգը հիանալի է համարում, սակայն բացատրում, որ Ճոճկանը ոռոգման ջրի ջրամբարներ և ջրավազաններ չունի և պոմպերով, ջրի մեծ կորուստներով և գրաֆիկով ջուր ստացող գյուղում առայժմ դժվար կլինի իրականացնել ոռոգման կաթիլային համակարգը:

Հնացած պոմպակայանները՝ ոռոգման ճգնաժամի պատճառ

Խորհրդային տարիներին Ճոճկանի 1 000 հա այգիները ոռոգելու համար վայրկյանում 600 խմ ջուր է մատակարարվել, ներկայում հազիվ՝ 300 խմ:

«Լոռի» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ղարիբյանի խոսքով՝ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոմպակայնների հնացած ու մաշված պոմպերով գլոբալ տաքացման պայմաններում հազիվ են ոռոգման ջրով ապահովում գյուղացիներին:

Կաթիլայինի համար գյուղացուն տրամադրել անտոկոս վարկեր

Հողագործ Սամվել Սիրադեղյանը պայմանագրով «Գրանդ Տոբակո» ընկերության համար 20 տարուց ավելի է` 20 հա վարելահողերում ծխախոտ է աճեցնում: 20 օրում Սիրադեղյանը մեկ անգամ է ոռոգել իր դաշտերը, իսկ Սոկրատ Սիրադեղյանը երաշտի պայմաններում չի կարողանում ոռոգել իր նորատունկ այգին և կանգնած է տնկիները կորցնելու վտանգի առաջ։

Չեխահայ գործարար Աղասի Զավարյանն էլ ողջունում է գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի գլոբալ ռազմավարությունը: Գործարարը, սակայն, կառավարությանն առաջարկում է կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով հայ գյուղացիներին տրամադրել երկարաժամկետ և անտոկոս վարկեր:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել