«Սպուտնիկ Արմենիա»-ի ապատեղեկատվության շուրջ

Հունիսի 16-ին (Սպուտնիկ Արմենիա) Armeniasputnik.am կայքը հոդված էր հրապարակել «5-ի փոխարեն 15 մլն դրամ`«Սիվիլնեթի» տեսանյութերի համար. Ավինյանը փոխել է որոշումը» վերնագրով։

Նյութում նշվում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով երեք անգամ ավելացվել է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից Սիվիլիթաս հիմնադրամին տրամադրվող գումարը։

Նյութում նաև ասվում է, որ «եթե 2021 թվականի հունվարի 25-ին երկու կազմակերպությունների [Ավրորայի և Սիվիլիթաս հիմնադրամի] միջև կնքված պայմանագրով նախատեսված էր 5 մլն դրամ, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանումների և լուսանկարչական ծառայությունների մատուցման դիմաց, ապա Ավինյանի նոր որոշմամբ նախատեսվում է 15 մլն դրամ` բայց արդեն մինչև 2022 թվականի հունիսի 3–ը նույն ծառայություները մատուցելու դիմաց»։

Հոդվածում տեղ գտած ձևակերպումներից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը անուղղակի ձևով ֆինանսավորում է հատկացնում Սիվիլիթաս հիմնադրամին կամ նրա ծրագիր ՍիվիլՆեթին։

Պարզաբանում

Armeniasputnik.am կայքի վերոնշյալ հրապարակման կապակցությամբ մի քանի պարզաբանում․

  • Սիվիլիթաս հիմնադրամն ունի առանձին ստորաբաժանում՝ «ՍիվիլՆեթ Ստուդիո», որի գործունեությունը որևէ կապ չունի ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության և բովանդակության հետ։ «ՍիվիլՆեթ Ստուդիո»-ն հիմնադրամի ֆինանսական կայունությունն ապահովող գործիքներից մեկն է։ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթի ֆինանսավորումն առավելագույնս թափանցիկ է, տարեկան աուդիտը հրապարակվում է Azdarar.am կայքում։
  • «ՍիվիլՆեթ Ստուդիո»-ն վերոնշյալ պատվերն իրականացրել է բացառապես «Ավրորա»-ի հետ երկկողմ պայմանագրով, որը որևէ առնչություն չունի կառավարության կամ առանձին պաշտոնյաների որոշումների հետ։ [Ի գիտություն Սպուտնիկ Արմենիայի անանուն հեղինակի՝ փոխվարչապետ Ավինյանի որոշումը վերաբերել է ոչ թե «Ավրորա»-ին գումար հատկացնելուն, այլ բարեգործական ծրագրի հարկազատմանը]։
  • «ՍիվիլՆեթ Ստուդիո»-ն բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ ևս համագործակցել ու համագործակցում է և պատրաստում է տեսաարտադրանք՝ հոլովակներ, ֆիլմեր, գովազդներ, կազմակերպում է ուղիղ եթերների հեռարձակում և թարգմանություն, մատուցում այլ ծառայություններ։ Դրանք պատվիրատուի մտավոր սեփականությունն են և տեղ չեն գտնում CivilNet.am կայքում ու առնչություն չունեն ՍիվիլՆեթի բովանդակության հետ։

«ՍիվիլՆեթ Ստուդիո»-ի գործընկերների թվում են «Դասավանդիր Հայաստանը», Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, Դիլիջանի միջազգային դպրոցը, «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլը, UNICEF-ը, GIZ-ը, ԹՈՒՄՈ-ն, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և այլն։

Armeniasputnik.am կայքի մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պարկեշտություն և չտրվել սենսացիա սարքելու գայթակղությանը։

«ՍիվիլՆեթ Ստուդիո»-ի ծառայություններից օգտվելու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 500 119:

Մեկնաբանել