Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող փորձագիտական համայնքը և հետպատերազմյան փուլում շրջանառվող պատումները

Վերջին տասնամյակների ընթացքում Արևմուտքում ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող փորձագետների ու լրագրողների մի առանձնահատուկ ու փակ համայնք: Տարիների ընթացքում այդ համայնքի ներկայացուցիչները հակամարտության վերաբերյալ պատումներ և խոսույթներ ձևավորելու մենաշնորհ են ստացել: Այս ոչ ֆորմալ խմբի անդամները արևմտյան մայրաքաղաքներում որոշում կայացնողների համար հակամարտության մասին տեղեկությունների և վերլուծական բովանդակության հիմնական աղբյուրներն էին: Նրանք սյունակներ, գիտական հոդվածներ ու գրքեր էին գրում թեմայի վերաբերյալ և լրջագույն ազդեցություն ունենում ինչպես Ղարաբաղյան հակամարտության մասին միջազգային պատկերացումների, այնպես էլ միջազգային դերակատարների պահվածքի վրա:

Հատկանշական է, որ փորձագետների այս փակ խումբը միանգամից երկու գործառույթ էր ստանձնել այս տարիների ընթացքում.

  1. Նրանք զբաղվում էին հակամարտության գոտում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների փորձագիտական վերլուծությամբ ու լուսաբանմամբ:
  2. Նրանք ակտիվ մասնակցություն էին ունենում «Թրեկ 2» (Track 2) մակարդակում նախաձեռնվող գործընթացներում` համակարգելով կամ պարզապես ներկայացված լինելով տարբեր խաղաղաշինական ծրագրերում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած ժամանակահատվածում փորձագետների ու լրագրողների այս խմբի գործելաոճը հաճախ աչքի էր ընկնում կողմերի միջև բոլոր հարցերում կեղծ հավասարություն (false equivalence) դնելու մղումով: Նպատակը օբյեկտիվ ու չեզոք երևալն էր: Փորձագիտական այս համայնքը ակտիվ զբաղվում էր նաև Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքների և դրանցից բխող առաջարկների ու մեխանիզմների լոբբինգով: Ընդ որում, այս փորձագետներն ու լրագրողները հաճախ ստանձնում էին «բարոյական մրցավարների» գործառույթներ` պարբերաբար տարբեր հորդորներ ու խրատական գնահատականներ հնչեցնելով:

44-օրյա պատերազմի ավարտից հետո փորձագետների ու լրագրողների այս համայնքը ակտիվ ներգրավվել է հակամարտության շուրջ նոր պատումներ ու խոսույթներ ձևավորելու գործընթացի մեջ: Մինչպատերազմյան շրջանում գերիշխող կեղծ հավասարության հարացույցին փոխարինման է եկել պարտված կողմին թիրախավորելու (victim blaming) և Ադրբեջանի գործողությունները լեգիտիմացնելու մարտավարությունը:

Պատերազմին հաջորդած փուլում առաջին պլան է մղվել այն թեզը, որ Հայաստանի դիրքորոշումը վերջին քսան տարվա ընթացքում եղել է ոչ ռացիոնալ ու առավելապաշտական: Պնդում է կատարվում, որ կարգավորման գործընթացում Հայաստանի երկարատև ռազմավարությունը բանակցությունների արհեստական ձգձգման միջոցով ստատուս-քվոյի ամրապնդումն էր: Հայաստանը ներկայացվում է որպես բանակցային գործընթացը տապալած սփոյլեր: Այս թեզի հիմնական ուղերձը այն է, որ Ադրբեջանին այլ ելք չէր մնում, քան հարցը լուծել պատերազմի միջոցով:

Նմանատիպ մոտեցումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: 1994 թվականից Հայաստանի որևէ առաջնորդ չի ժխտել փոխզիջումային ճանապարհով հակամարտությունը լուծելու անհրաժեշտությունը: Ավելին, վերջին քսան տարվա ընթացքում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղության պայմանագիր ստորագրելու երկու իրատեսական հնարավորություն է եղել` Քի Վեսթում և Կազանում: Երկու դեպքում էլ ադրբեջանական կողմն է վերջին պահին նոր պահանջներ առաջ քաշել և տապալել բանակցությունները:

Հայաստանի կողմից ստատուս-քվոյի ամրապնդման մասին խոսակցությունները ևս փաստական հենք չեն կարող ունենալ: Վերջին տասնամյակների ընթացքում հակամարտության գոտի ուղարկված փաստահավաք առաքելությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բոլոր զեկույցներում նշվում է, որ Հայաստանը նախկին ԼՂԻՄ-ից դուրս և հայկական վերահսկողության տակ գտնված տարածքներում ուղղորդված բնակեցման քաղաքականություն չի վարել: Ավելին, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) 2019 թվականի զեկույցում նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները որոշ դեպքերում արհեստական խոչընդոտներ էին ստեղծում վերոնշյալ տարածքներում բնակություն հաստատել ցանկացողների համար: Ստատուս-քվոյի ամրապնդման քաղաքականության առկայության դեպքում այդ տարածքների արագ բնակեցումը առաջնային խնդիր կլիներ պետության համար:

Ընդ որում, «առավելապաշտ» ու «իռացիոնալ» Հայաստանի մասին քննարկումներում ամբողջովին անտեսվում է այն բացահայտ փաստը, որ Ադրբեջանը առնվազն վերջին տասնամյակի ընթացքում պատրաստվում էր պատերազմի, այլ ոչ թե խաղաղ կարգավորման: Հատկանշական է նաև, որ փորձագիտական այս համայնքի ներկայացուցիչների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանին ուղղված որևէ թիրախային քննադատություն չի հնչեցվել` ավերիչ պատերազմ սկսելու համար: Ու սա այն պարագայում, երբ վերոնշյալ փորձագիտական համայնքի կողմից տարիներ շարունակ ջատագովվող մադրիդյան երեք հիմնարար սկզբունքներից մեկը ուժի կիրառման բացառումն է:

Փորձագիտական այս համայնքի կողմից պատերազմից հետո ամբողջովին անտեսվում է նաև Մադրիդյան երրորդ սկզբունքը` ազգերի ինքնորոշման իրավունքը: Հայաստանին խորհուրդ է տրվում մոռանալ անցյալի մասին և նայել դեպի ապագա: Սա փաստացի նշանակում է, որ հայկական կողմերը պետք է հրաժարվեն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից և համակերպվեն ստեղծված իրավիճակի հետ: Այս թեզը ներկայացվում է պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների հետ հաշվի նստելու անհրաժեշտության համատեքստում:

Այս գաղափարները առաջ մղելու համար օգտագործվում են նաև հայկական ձայներ: Հետաքրքրական է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Արևմուտքում հակամարտության վերաբերյալ տեղի ունեցող գրեթե բոլոր քննարկումներին հրավիրվում են միայն այնպիսի հայ գործիչներ ու փորձագետներ, որոնց կարծիքները համահունչ են հետպատերազմյան այս պատումների հետ: Այն գործիչներն ու փորձագետները, որոնք վիճարկում են վերոնշյալ թեզերի իրավացիությունը, հայտարարվում են «ազգայնական»: Այսինքն, փորձ է կատարվում Հայաստանի ու հայաստանյան հասարակության փոխարեն կանխորոշել, թե որոնք են հայկական դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այս երևույթն իր մեջ, անշուշտ, նեոգաղութականության տարրեր է պարունակում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ի ցույց դրեց փորձագիտական այս համայնքի՝ առաջին հերթին բարոյական սնանկությունը: Այս խմբի ներկայացուցիչներից ոչ մեկը այդպես էլ ինտելեկտուալ խիզախություն չունեցավ դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու պատերազմի ընթացքում Բաքվի իրականացրած ռազմական հանցագործությունները: Նրանցից ոմանք նույնիսկ մասնակցեցին հետպատերազմյան փուլում Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած քարոզչական միջոցառումներին` լեգիտիմություն տալով դրանց:

Այսպիսի գործելոաճը պետք է համապատասխան գնահատականի արժանանա Հայաստանում: Մենք այլևս չենք կարող հանդուրժել, որ չեզոքության ու անաչառության քողի տակ հակամարտության համատեքստում տարածվեն վտանգավոր ու կեղծ թեզեր: Նմանատիպ երևույթների բացառումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Մեկնաբանել