Մեքենաներ, հողամասեր, տներ․ ինչ է հայտարարագրել Արթուր Ջավադյանը

Հատուկ հանձնարարություններով դեսպան, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ 2020-ին 55 միլիոն դրամով հողամաս է ձեռք բերել Դիլիջանում, 40,6 միլիոն դրամով գնել է 2019 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 450 4 Matic մակնիշի ավտոմեքենա։ 

Ավտոմեքենան Ջավադյանը գնել է Mercedes-Benz-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ից։ Մինչ այդ ուներ Volkswagen մակնիշի մեքենա։ Ջավադյանը հայտարարագրել է նաև 3 անհատական բնակելի տուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, Դիլիջանում ու Եղվարդում։ ԿԲ նախկին նախագահը առանձնատուն է ունեցել նաև Շուշիում։ Դիլիջանում Ջավադյանը ունի նաև երկու հողամաս, որոնցից մեկը գնել է 2010-ին, իսկ մյուսը՝ 2020-ին։ Երկրորդ հողամասը, ըստ հայտարարագրի, Ջավադյանը ձեռք է բերել Կենտրոնական բանկից։ 

ԿԲ նախկին նախագահը հողամասեր ունի նաև Ուշիում ու Քանաքեռավանում, իսկ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում ունեցած հողամասը Արթուր Ջավադյանն անցյալ տարի 12 միլիոն դրամով օտարել է Տիգրան Սաֆարյանին։ 

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտարարագրել է 24 միլիոն դրամանոց հուշադրամ, որը ձեռք է բերել 2012-ին։ Նրա ավանդները 2020-ին կազմել են մոտ 1 միլիոն դոլար, 110 հազար եվրո և 17 միլիոն դրամ։ Արթուր Ջավադյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ, 105 հազար դոլար ու 57 հազար եվրո, իսկ բանկում պահվող դրամական միջոցները՝ 8,2 միլիոն դրամ, 14 հազար դոլար և 4 300  եվրո։ Ջավադյանը 0,02 տոկոս բաժնեմաս ունի նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում։ Այս ընկերությունը Արցախում շահագործում էր մի շարք հիդրոէլեկտրակայաններ, որոնցից ամենամեծը Սարսանգ գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանն է։ 

Պաշտոնատար անձի եկամուտներից 31 հազար դոլար, 11 միլիոն դրամ, 4 000 եվրոն գոյացել է փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից։ 32,5 միլիոն դրամի աշխատավարձ Ջավադյանը ստացել է Կենտրոնական բանկից, ևս 4 միլիոն՝ ԱԳՆ-ից՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Արթուր Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, երկու բնակարան ու հասարակական նշանակության երկու շինություն ունի Երևանի կենտրոնում, նաև մեկ շինություն՝ Ծաղկաձորում։ Դիլիջանում անցյալ տարի ձեռք բերված հողամասում Հասմիկ Մանուկյանը համասեփականատեր է։ 2020-ին 4 միլիոն ռուբլիով՝ մոտ 27 միլիոն դրամով Մանուկյանը ձեռք է բերել Audi A8L 55 TFS մակնիշի մեքենա՝ մինչ այդ ունենալով Lexus մեքենա։ Անցյալ տարվա ընթացքում նա նաև 150 հազար դոլարի արժեթուղթ է ձեռք բերել «Արդշիբանկ»-ից։  Հասմիկ Մանուկյանն ունեցել է 695 հազար դոլարի ու 74 հազար եվրոյի ավանդ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 31,5 միլիոն դրամ, 50 հազար դոլար ու  60 հազար եվրո։ 

Ջավադյանի կնոջ եկամուտները ձևավորվել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության աշխատավարձից՝ ավելի քան 3 միլիոն դրամի չափով, «Լենդմարկ կապիտալ»-ին վարձակալությամբ տված տարածքի դիմաց Մանուկյանը ստացել է մոտ 16 միլիոն դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց վերջինս ստացել է 63 հազար դոլար ու 2 500 եվրո։