Արցախյան լրագրության մեջ մարդը չկա. լրագրողներ

«Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման հյուրասրահում «Հետաքննող լրագրողներ» հ/կ ղեկավար Էդիկ Բաղդասարյանը և « Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը պատմեցին Արցախում իրենց շրջայցի մասին` հավաստելով, որ երևանյան քաղաքական ճնշումներն անմիջականորեն են ազդում թե Արցախի, թե բանակի վրա:

«Հարսնաքար»-ի վեճն ազդում է բանակի վրա. փաստեցին բանախոսները: «Եղնիկներից գալով` ես ընկա «Հարսնաքար»-ի երեկվա ակցիայի մեջ, և վստահ եմ, որ Հանրապետականի ստեղծած այս իրադրությունը պետք է շտապ լուծում ստանա»,- ասաց Բաղդասարյանը` վստահեցնելով, որ Հանրապետականի հովանավորչությունը «մեկ մարդու» [Ռուբեն Հայրապետյանին] կարող է ապակայունացնել իրավիճակը հայոց երկու պետություններում:

Խոսելով արցախյան մամուլի անազատության մասին` նա տարակուսեց, թե ինչու լրագրողները չեն խոսում առկա հիմնախնդիրների մասին և չեն օգտվում նույնիսկ չարգելված թեմաները լուսաբանելու հնարավորությունից: «Օրինակ` «Ղարաբաղ-տելեկոմ»-ի սակագները բավական բարձր են` 160դր., գազալցակայաններում անմիջապես նկատում ես, որ մոտ 1000 դրամով ավելի թանկ է լիցքավորումը, քան էստեղ,- ասաց Բաղդասարյանը,- Ղարաբաղի լրագրության մեջ մարդուն չես կարող տեսնել: ԵԱՀԿ-ն եկավ, ԵԱՀԿ-ն գնաց, դա մարդկանց չի էլ հետաքրքրում»:

«Մենք կոնֆլիկտ ենք լուսաբանում, բայց մեր կոնֆլիկտի մեջ պիտի հաշվի առնենք մարդուն,- նշեց «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը,- մենք խնդրի կարգավորում չենք լուսաբանում: Մենք զուտ քարոզչական նպատակով նյութեր ենք գրում. կներեք էլի, մենք ուրիշ խնդիրներ ենք լուծում: Մինչդեռ հակամարտությունը, պարզ է, որ պետք է միշտ թեժ պահել, և դա` ղարաբաղյան հակամարտությունը, երկու երկրների ղեկավարություններին օգնում է ապրել»:

Արցախում առաջիկա նախագահական ընտրությունները ևս պատշաճ չեն լուսաբանվում, և կարծես, թեկնածուներն էլ չեն ձգտում առավելագույնս օգտագործել լրատվամիջոցների ներուժը: «Մենք գնացել էինք 14 լրագրողով, ու ես հրավիրեցի նախագահի երկու թեկնածուներին օրվա որևէ պահի մեզ հյուր գալ, միասին սրճել և զրուցել: Որևէ մեկը չարձագանքեց. ես զարմացած եմ. ինչու չօգտագործեցին այդ հնարավորությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Մեկնաբանել