Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղը, փաստաթուղթ չեն ստորագրի․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 7-ին, Մոսկվայում հանդիպման ժամանակ իսկապես կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Կլինի Փաշինյանի հետ շփում, այնուհետև նրանք նախագահն ու վարչապետը՝ կշարունակեն զրույցն աշխատանքային ճաշի ձևաչափով»,- պատմել է Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պեսկովը կարևորել է Փաշինյանի այցը Ռուսաստան, որը նրա առաջին արտասահմանյան այցելությունն է ընտրություններում հաղթելուց հետո:

«Դա բավական համոզիչ հաղթանակ է»,- հավելել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է տեղեկությունը, թե հնարավոր է՝ հանդիպման ժամանակ քննարկվեն Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակները և համապատասխան փաստաթուղթ ստորագրվի։

«Ոչ, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, և Ղարաբաղը կքննարկվի, և ռուս զինվորականները, որոնք այժմ այնտեղ են տեղակայված, կքննարկվեն, նաև ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», – հայտարարել է նա:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ «առարկայական քննարկումներ են ընթանում»։ «Գիտեք՝ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են։ Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղակայված են ռուս սահմանապահների դիրքեր, որոնք նպաստում են, որ իրավիճակը հանգիստ, կայուն լինի»,- ասել է Կոպիրկինը։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքում սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայմանը, Կոպիրկինը նշել է․ «Այդ հարցերի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ, խորհրդակցություն, այդ թվում՝ գործնական առումով։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության շահերով, սահմանին կայունության ապահովմամբ և ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմամբ»։Ավելի վաղ Գեղարքունիքի սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցի շուրջ քննարկումների մասին հայտնել էր Հայաստանի Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել