Արցախի նախագահի աշխատակազմի ուշացած պատասխանը ՍիվիլՆեթին՝ առանց հայցվող տեղեկատվության

Stepanakert

Հայկ Ղազարյան

Մայիսի 27-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Արցախի այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանին: Հարցման նպատակն էր ստանալ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում պետական աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ՝ ՊՈԱԿ-ների, Ծրագրերի իրականացման գրասենյակների և հիմնադրամների աշխատակիցների), ինչպես նաև՝ տեղեկատվություն շրջանային վարչակազմերի աշխատակիցների քանակի վերաբերյալ:

Հուլիսի 7-ին հարցմանը պատասխանել է Արցախի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Շահրամանյանը. «Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը և ծագած տարբեր բարդ խնդիրները՝ այս պահին չենք կարող բավարարել ձեր խնդրանքը և տրամադրել համապարփակ տեղեկատվություն Արցախում պետական աշխատողների քանակի վերաբերյալ»։

«Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մենք ունենք հազարավոր տեղահանվածներ, որոնց թվում են շատ պետական աշխատողներ»,- ասվում է պատասխանում:

Միևնույն ժամանակ, պատասխան նամակում հավաստիացնում են, որ կներկայացնեն վերջնական տեսքի բերված ու հաստատված ցուցակը, քանի որ ներկայում նրանց հետագա ճակատագրի հստակեցման, պետական աշխատողների անվանացուցակների ուսումնասիրության ու ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ասաց, որ վերոնշյալ աշխատանքները կավարտեն մոտավորապես սեպտեմբերին:

Ըստ Արցախի տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

ՍիվիլՆեթը հարցումը ուղարկել էր մայիսի 27-ին և պատասխանն ստացել հուլիսի 7-ին:

Կարեն Շահրամանյանը նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել հունիսի 7-ին՝ փոխարինելով ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանին:

Մեկնաբանել