Ռուս զինվորականների մի մասը արդեն Գեղարքունիքում է․ մարզպետ

Ռուս զինվորականների մի մասը արդեն Գեղարքունիքի մարզում է, որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով․ հուլիսին 7-ին Շողակաթ համայնքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Նոր միջադեպեր չկան և, ինչպես խոսել ենք այդ մասին, համատեղ գործընթաց է գնում․ ռուսական կողմի զինվորականների մի մասը արդեն մարզում է, և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայկական ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային գործընթացը կգնա և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,- ասաց Գնել Սանոսյանը։ 

Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ մարզի 5 ընտանիքների պատկանող 81 գլուխ անասուն գտնվում է ադրբեջանական տիրապետության տակ: Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, մինչև կհստակեցվի՝ անասուններին կկարողանա՞ն հետ բերել, թե՞ ոչ, եթե ոչ՝ «պետությունը ինչ-որ բան կնախաձեռնի»։

Գնել Սանոսյանը նաև անդրադարձավ հուլիսի 6-ին Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանի սանձազերծած փոխհրաձգություն հետևանքով վիրավորված հայ զինծառայողին, ասելով՝ «այս պահին վիճակը շարունակում է նույնը մնալ, կայուն է»: