Կառավարությունը զոհված ու վիրավոր զինծառայողների երեխաների համար ճամբար կկազմակերպի

Կառավարությունը 335 միլիոն դրամ կուղղի զոհված ու վիրավորված զինծառայողների, աշխարհազորայինների անապահով ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպմանը։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 8-ի նիստում։

Խոսքը 7-12 տարեկան 3 200 երեխաների մասին է։ Դրանք կազմակերպվելու են «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լավա աղբյուր», «Խոտոր ջուր» ամառային ճամբարներում։ Երեխաները բաժանվելու են երկու հերթափոխի ու ընդհանուր առմամբ ծրագիրը տևելու է 20 օր։

«Ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին ամառային հանգիստը կազմակերպելու համար (սնունդ, կեցություն, մանկավարժական կազմի վարձատրություն և այլն), իսկ 13,4 մլն դրամը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տրանսպարտային ծախսերը հոգալու համար»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել