Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահը վարչապետի առաջարկությամբ է Գրիգորի Խաչատուրովին ազատել պաշտոնից։

2019-ի սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28–րդ ամյակի կապակցությամբ՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովին շնորհվել էր գեներալ-մայորի կոչում։

Ավելի վաղ նախագահի հրամանագրերով աշխատանքից  ազատվել էին Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը: