Կառավարությունը 7 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում

Կառավարությունը նախատեսում է ուղիղ և միջնորդավորված ձևով 7 միլիոն դոլարի չափով ներդրում կատարել «Ամբեր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում այն նպատակով, որ հետագայում այդ ֆոնդում ներդրում կկատարի նաև Հոլանդիայի զարգացման բանկը։ Որոշումն ընդունվեց հուլիսի 8-ի կառավարության հերթական նիստում։

«Ամբեր կապիտալ» ՓԲԸ-ի բաժնետերը Ժոզեֆ Ուղուրլյանն է։ Նա նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության փոխնախագահն է։ «Ամբեր կապիտալ»-ը հիմնվել է 2005-ին, տեղակայված է Լոնդոնում, Միլանում ու Նյու Յորքում։ Ընկերությունը կենտրոնացած է Եվրոպայում ներդրումների վրա։ Ուղուրլյանի կողմից ղեկավարվող «Ամբեր կապիտալ»-ը նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ունեցող «Լիդիան» ընկերության հիմնական ներդրողներից է։

Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը բաժնեմասնակցային ընկերություն է, որը ներդրում է կատարում մասնավոր ընկերությունների կապիտալում՝ ընդլայնման ծրագրերի, հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով։ 2020-ի ընթացքում ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը 1 միլիոն դոլարի չափով ֆինանսավորել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող մի ընկերության։ Այժմ ֆոնդի կողմից բանակցվում են 20 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ 1,5 միլիոն դոլարի արդյունաբերության ոլորտում, 5 միլիոն՝ տեքստիլի ոլորտում, 5 միլիոն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, 3 միլիոն դոլար՝ գյուղատնտեսության ոլորտում, 7 միլիոն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Հոլանդիայի զարգացման բանկը ևս պատրաստակամություն է հայտնել 7 միլիոն դոլարի չափով ներդրում կատարել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում, բայց պայմանով, որ այդ ֆոնդում կապիտալը մինչ հուլիսի 31-ը կկազմի 45 միլիոն դոլար. «ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 միլիոն դոլարի ներդրումը հնարավոր կդարձնի FMO ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավելուն»,-նշված է որոշման հիմնավորումներում։ 7 միլիոն դոլարից 3 միլիոնը կլինի կառավարության ուղիղ մասնակցությամբ, իսկ 4 միլիոնը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջոցով։

Որոշման նախնական քննարկումների ընթացքում վերապահումներ է հայտնել ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչությունը հայտնել էր, որ բացակայում է 7 միլիոն դոլարի ներդրման տնտեսական հիմնավորումը։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը վկայակոչել է մի փաստ, ըստ որի, «Ամբեր կապիտալ» ֆոնդը անցյալ տարի ունեցել է հարկային չկատարած պարտավորություններ։ Այդ պարտավորությունները, սակայն, մարվել են։ Հարցի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարությունը հակադարձումներով հանդես չի եկել ու որոշումն ընդունվել է միաձայն։

Մեկնաբանել