Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել. «Մեր գնահատականը ես արդեն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լավագույն ներուժն այդ մարտահրավերների լուծման հարցում համախմբելու և համագործակցության ուժերը մեկտեղելու, ճիշտ ֆորմատներ գտնելու ուղղությամբ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» շոշափելի դերակատարում ունի Հայաստանի քաղաքական կյանքում: Թեև ընտրությունների արդյունքում կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհարժեշտ շեմը, սակայն վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ ԲՀԿ-ն շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

«Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք: Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները՝ քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց, որովհետև կարծում եմ, որ առավել ևս այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու: Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի՝ մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա»,- ասել է Փաշինյանը։

Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ խորհրդարան չանցնելը ոչինչ չի փոխում կուսակցության պլաններում, շարունակելու են «ժողովրդի կողքին լինել»։

«Ընտրություններից հետո ես ինչպես շնորհակալություն հայտնեցի ժողովրդին, ընտրությունների մասնակիցներին, մեզ ձայն տվողներին, այնպես էլ ասացի, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, մանդատը չկա, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփվելու: Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք»,- ասել է Ծառուկյանը։

Մեկնաբանել