Ավանեսյանը հորդորեց պատվաստանյութի սերտիֆիկատի փոխճանաչելիության հարցով դիմել ԱԳՆ

Հայաստանում Astrazeneca պատվաստանյութի սերտիֆիկատի հետ կապված կա փոխճանաչելիության խնդիր, որը արտաքին գործերի նախարարության տիրույթում է։ Կառավարության նիստից հետո այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ 

Հուլիսի 7-ին լրագրող Մարկ Գրիգորյանը Ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ Նորվեգիա մեկնելու համար պատվաստվել էր Astrazeneca-ով, սակայն պատվաստման QR կոդը Եվրոպան չի ճանաչել, հետագայում Գրիգորյանը մխրճվել է առողջապահության նախարարության բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ 

Մեկնաբանելով այս գործընթացը՝ Ավանեսյանը պարզաբանել է, որ Եվրոպական միությունը որոշել է ընդունելի համարել հայաստանյան պատվաստումները, որից հետո սակայն «ամեն մի երկիր պետք է սկսի տեխնիկական գործընթացը, ու առողջապահության նախարարությունը արտգործնախարարության հետ աշխատում է, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատի ֆորմատները»։ 

«Կխնդրեմ դիմեք ԱԳՆ՝ տեղեկանալու, թե որ երկրներն են այս պահին հաստատել մեր սերտիֆիկատները ու որոնք են պրոցեսի մեջ»,- հայտարարել է Ավանեսյանը՝ ավելացնելով, որ աշխարհի բոլոր երկրներն էլ փոխճանաչման գործընթացի միջով անցնում են։ Նա վստահեցրել է, որ Հայաստանում պատվաստվում են եվրոպական արտադրության Astrazeneca-ով։