Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Հուլիսի 8-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին հայտնում է Հայաստան պաշտպանության նախարարությունը։

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ «առարկայական քննարկումներ են ընթանում»։ «Գիտեք՝ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են։ Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղակայված են ռուս սահմանապահների դիրքեր, որոնք նպաստում են, որ իրավիճակը հանգիստ, կայուն լինի»,- ասել է Կոպիրկինը։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքում սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայմանը, Կոպիրկինը նշել է․ «Այդ հարցերի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ, խորհրդակցություն, այդ թվում՝ գործնական առումով։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության շահերով, սահմանին կայունության ապահովմամբ և ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմամբ»։

Ավելի վաղ Գեղարքունիքի սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցի շուրջ քննարկումների մասին հայտնել էր Հայաստանի Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել