Ինչու արժևորվեց դրամը

2021-ի հունվար-մայիսին Հայաստանից արտահանումն աճել է 187 մլն դոլարով, որից 109 մլն դոլարը պայմանավորված է պղնձի խտանյութի արտահանման աճով։ Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։

Վերջին շաբաթների ընթացքում ընտրություններին զուգահեռ ամենաշատ քննարկվող թեմաներից է դրամի արժևորումը։ Մասնավորապես, հուլիսի 6-ին հունիսի 1-ի համեմատ դրամ/դոլար միջին փոխարժեքը նվազել է 4,83%-ով (25,18 դրամով), դրամ/եվրո միջին փոխարեքը՝ 7,86%-ով (50,05 դրամով), դրամ/ռուբլի միջին փոխարժեքը՝ 4,66%-ով (0,33 դրամ)։ Քանի որ Հայաստանում դոլարայնացման մակարդակը բավական բարձր է (53,2%, 31.03.2021թ. դրությամբ), և բնակչության եկամուտների զգալի մասի ծագման աղբյուրը Հայաստանից դուրս է, իրավիճակը մտահոգություններ է առաջացրել հասարակության լայն շրջանակներում։ Այս հոդվածում մենք կանդրադառնանք դրամի արժևորմանը նպաստած հիմնական գործոններին, ինչպես նաև դրա հետևանքներին։

Նախքան վերջին ժամանակաշրջանում դրամի արժևորման պատճառներին անդրադառնալը, պետք է նշել, որ համաձայն վերջին հինգ տարիների դիտարկումների՝ հունիսին դրամը դոլարի նկատմամբ 0,1-0,6% արժևորման միտում ունի, սակայն այս տարվա արժևորումը պարզապես սեզոնային միտում չէ, այլ մի շարք գործոնների ազդեցության հետևանք։ Մասնավորապես, վերջին շաբաթներին դրամի արժևորմանը նպաստած առավել հավանական գործոններն են արտահանման առաջանցիկ աճի տեմպը (այդ թվում զբոսաշրջության ակտիվացումը) և արտերկրից ստացվող տրանսֆերտների աճը։

Արտահանումը ներմուծման համեմատ աճում է առաջանցիկ տեմպերով

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ապրանքային արտահանումն աճել է 20,8%-ով, իսկ ներմուծումը՝ 6,7%-ով, ինչը այլ հավասար պայմաններում նպաստել է վճարային հաշվեկշռի պակասուրդի կրճատմանը և հետևաբար՝ դրամի արժևորմանը։ Մասնավորապես, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի արտահանումն աճել է 187 մլն դոլարով, որից 109 մլն դոլարը պայմանավորված է պղնձի խտանյութի արտահանման աճով: Այսպես, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 20 291 տոննա պակաս պղինձ, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում, սակայն դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է 48%-ով (109 մլն դոլարով)։ Սա նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է միջազգային գների բարձրացման շնորհիվ, ընդ որում, 2021 թվականի հունվարից սկսած՝ միջազգային շուկաներում պղնձի գինը աճում է աննախադեպ բարձր տեմպերով։ Օրինակ, մայիսի ընթացքում պղնձի միջին գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրեթե  կրկնապատկվել ($5 240/տ-ից հասնելով $10 162/տ-ի)։ 

Պղնձի արտահանման փոփոխությունը 2021-ի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ, մլն ԱՄՆ դոլար

Արտահանման աճին՝ ծառայությունների մասով, նպաստել է նաև զբոսաշրջության որոշակի վերականգնումը։ Չնայած պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, այս մասին Ազգային Ժողովի նիստին հայտարարեց նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը  նպաստում է  նաև, այսպես կոչված, վակցինային տուրիզմը (vaccine tourism), երբ Իրանի հազարավոր քաղաքացիներ ճամփորդում են Հայաստան պատվաստվելու համար COVID-19-ի դեմ։

Արտասահմանից ստացվող տրանսֆերտներն աճում են

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 37%-ով կամ 202,9 մլն դոլարով։ Այս աճը մեծ մասամբ (105,4 մլն դրամի կամ 52,1%-ի չափով) պայմանավորված էր ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների կտրուկ ավելացմամբ։ Այսպես, 2021 թվականի հունվար-մայիսին ԱՄՆ-ից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցվել է շուրջ 212 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 106,5 մլն դոլարի փոխարեն։ Այսինքն՝ տարվա սկզբից ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված դրամական փոխանցումները ավելացել են մոտ կրկնակի։ Ավելին, 2021 թվականի հունվար-մայիսին ԱՄՆ-ից իրականացված փոխանցումները կրկնակի ավել են նաև մինչճգնաժամային 2019-ի նույն ժամանակաշրջանից։  

ԱՄՆ-ից իրականացված փոխանցումների նման աննախադեպ աճը կարելի է բացատրել համավարակի սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների չեզոքացման հետ կապված ԱՄՆ-ում քաղաքացիներին տրամադրված պետական օժանդակության հետ, ինչը դրական է ազդել ԱՄՆ-ում բնակվող հայերի եկամուտների վրա, որոնք էլ արդյունքում ստացված դրամական օգնության մի մասը ուղղարկել են Հայաստանում իրենց հարազատներին։

Ռուսաստանի դեպքում տրանսֆերտների աճը այլ բացատրություն ունի։ Ի տարբերություն 2020 թվականի, 2021 թվականին տասնյակ հազարավոր սեզոնային աշխատողներ մեկնել են Ռուսաստան աշխատանքի և իրենց աշխատավարձի մի մասը ուղարկում են Հայաստան։

Բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան անձնական դրամական փոխանցումները 2020 և 2021 թթ․ հունվար-մայիսին, մլն ԱՄՆ դոլար

Ի՞նչ է լինում, երբ դրամը արժևորվում է 

Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող սպառման շատ ապրանքներ ներմուծվում են արտերկրից։ Որպես կանոն, այդ ապրանքները արտերկրում ձեռք են բերվում արտարժույթով, իսկ Հայաստանում վաճառում դրամով։ Երբ դրամը արժևորվում է, արտերկրից բերված ապրանքների գները դրամով արտահայտված նվազում են, ինչը թույլ է տալիս որոշակիորեն զսպել գնաճը։ Սակայն այդ մեխանիզմը որոշակի ժամանակային լագով է գործում։ Հունիսին արձանագրված դրամի արժևորումը իր ազդեցությունը կարող է ունենալ գնաճի վրա շաբաթներ անց։

Սակայն դրամի արժևորումը նման է «երկսայր սրի», ի տարբերություն բնակչության լայն շերտերի, դրամի արժևորման պատճառով Հայաստանից արտահանվող ապրանքները միջազգային շուկայում ավելի թանկ են դառնում և կորցնում են իրենց մրցունակությունը։ Նախորդ ամիսներին դրամի արժեզրկումը նպաստել էր Հայաստանից արտահանման աճին։

Կենտրոնական բանկը պե՞տք միջամտի, թե՞ ոչ

Սովորաբար փոխարժեքի տատանումների դեպքում հասարակությունն ակնկալում է, որ ԿԲ-ն որոշակի քայլեր պետք է ձեռնարկի արժութային շուկայում այդ տատանումները մեղմելու համար։ Ի՞նչ կարող է անել ԿԲ-ն և արդյոք պետք է միջամտի։ 

Նախ, 2006 թվականի հունվարի 1-ից ԿԲ-ն անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, իսկ 2007 թվականին օրենսդրորեն ամրագրվեց, որ ԿԲ-ն ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Այսինքն, ԿԲ գլխավոր գործառույթը գների կայունության ապահովումն է։ Այնուամենանիվ, ԿԲ-ն մշտադիտարկում է արտարժույթի շուկան և ըստ անհրաժեշտության իրականացնում արտարժույթի առք կամ վաճառք ֆինանսական կայունության պահպանման, փոխարժեքի տատանումները մեղմելու նպատակով։ Հաշվի առնելով, որ հունիսին 12-ամսյա գնաճը հասել է 6,5%-ի, դրամի արժևորումը բխում է Կենտրոնական բանկի շահերից, մասնավորապես, թանկ դրամը կարող է նպաստել առաջիկա շաբաթներին գնաճի մեղմմանը։

Հոդվածը պատրաստվել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնի կողմից: