Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը

Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։

Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։

«Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։

Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Մեկնաբանել