1,6 մլրդ եվրոյից բացի, Հայաստանը ԵՄ-ից կստանա ևս 1 մլրդ եվրո

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից բացի, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո։ Ընդհանուր ներդրումային փաթեթը կկազմի 2,6 մլրդ եվրո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը։

«Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ հանձնակատարն այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո»,- գրել է Ադամյանը։

***

Հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի հրապարակած աշխատանքային փաստաթղթում ասված էր, որ Եվրոպական Միությունը Հայաստանին կհատկացնի մինչև 1,6 մլրդ եվրո կամ մոտ 1,9 մլրդ դոլար՝ որպես օգնություն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ «Վերականգնում, կայունություն և բարեփոխումներ» խորագրով ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում միլիարդավոր եվրոներ կհատկացնի Հայաստանի և հետխորհրդային հինգ այլ երկրների համար:

Հայաստանում ամենաթանկ նախաձեռնությունը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու անավարտ նախագծի վրա հետագա աշխատանքը, որը կոչված է Վրաստանը և Իրանը կապել Հայաստանի տարածքով՝ ծրագրի 712 մլն դոլար գնահատված արժեքով: ԵՄ-ն նաև խոստացել է մոտ 593 մլն դոլար հատկացնել Հայաստանում 30 000 փոքր և միջին ձեռնարկությունների ուղղակի աջակցության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական ձեռնարկություններին և կանանց պատկանող ձեռնարկություններին:

Ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ևս 356 մլն դոլար էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական ստարտափների ծրագրերում ներդրումներ կատարելու և 142 մլն դոլար՝ քաղաքային կայուն զարգացման պրակտիկան խթանելու միջոցով Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն նպաստելու համար:

Վերջապես, Բրյուսելը գրեթե 95 միլիոն դոլար է հատկացնում Սյունիքի մարզի համար, որը հատկապես տուժել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Համաձայն ԵՄ օգնության ծրագրի՝ Սյունիքում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան և աջակցությունը տեղական ՓՄՁ-ներին:

Մեկնաբանել